Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ են թաքցնում

Օգոստոս 10,2012 14:32

Այն մասին, թե ինչպես են պաշտպանվում տուժողների իրավահաջորդների իրավունքները Հայաստանում

Ողբերգական հանգամանքներում կորցրել եմ 25-ամյա որդուս: Չեմ էլ փորձում նկարագրել հարազատներիս եւ իմ հոգեվիճակը, որովհետեւ այսքան խորը եւ անփարատելի վշտի պայմաններում բոլոր տեսակի խոսքերը կարծես թե ավելորդ են: Ուստի, չփորձելով տրվել զգացմունքներիս, կփորձեմ նկարագրել իրավիճակը:

2011թ. փետրվարի 13-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Արամ Վարդգեսի Հովհաննիսյանն իր կողմից վարած ավտոմեքենայով Երեւան- Սեւան ճանապարհի 47-րդ կմ հատվածում շրջվել է, որի հետեւանքով որդուս՝ մեքենայի ուղեւոր Ստեփան Կարապետյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, իսկ դեպքից 83 օր անց՝ մայիսի 7-ին, որդիս մահացել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում:

Վթարից հետո՝ ժամը 18. 50-ին, որդուս տեղափոխել են Հրազդանի ԲԿ, որից հետո միայն՝ ժամը 19. 35-ին, տեղափոխել Երեւան:

Փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

2011թ սեպտեմբերի 28-ին քրեական գործի վարույթը կարճվեց եւ քրեական հետապնդումը դադարեցվեց, իսկ վարորդը համաներվեց: Դե ես էլ, բնականաբար, չստացա ինձ հուզող հարցերից եւ ոչ մեկի պատասխանը: Ստիպված վարձեցի փաստաբան եւ մի կերպ ձեռք բերեցի քրեական գործի պատճենված տարբերակը: Ծանոթանալով քրեական գործի բոլոր մանրամասներին՝ հասկացա, որ քննիչը շատ պատճառներ ուներ, որ ես չծանոթանամ քրեական գործին:

Փորձելով ստանալ մինչ օրս ինձ անհայտ հարցերի պատասխանները՝ 2011թ. մայիսի վերջին ես գնացի Հրազդանի ԲԿ: Պարզվեց հետեւյալը. հիվանդանոցի ընդունարանի գրանցամատյանում որդուս Հրազդանի ԲԿ տեղափոխելու ժամը նշված է 18. 50, իսկ «1-02»-ի մատյանում՝ ժամը 17. 00 (իմ աչքերի առաջ ԲԿ-ի աշխատակցուհին ժամը 17-ը ջնջեց եւ վրան գրեց 18. 50): Տեսա նաեւ, որ որդուս անուն-ազգանվան տակ նախապես ինչ-որ գրառում է եղել՝ շտրիխով շատ նկատելի ջնջված, իսկ «ցուցաբերված օգնություն» սյունակում բոլոր գրանցամատյաններում էլ նշված էր 2 դեղամիջոց, որը հետագայում կախարդական փայտիկի զորությամբ դարձավ 4:

Այս ամենի մասին տեղյակ պահեցի Կոտայքի մարզի ավագ քննիչ Սախոյանին, սակայն քննիչը, իմանալով իր «անելիքը», անտեսեց այս ամենը՝ չփորձելով էլ որեւէ քննություն կատարել այս ուղղությամբ:

Քրեական գործով ուսումնասիրելով ճանապարհատրանսպորտային պատահարի մանրամասները եւ դրան հաջորդող իրադարձությունների շղթան՝ հասկացա, որ որդուս մահվան համար իր մեղքի չափաբաժինն ունի նաեւ Հրազդանի ԲԿ-ի բուժանձնակազմը:

Հրազդանի ԲԿ-ի հերթապահ բժիշկը՝ վնասվածքաբան Հ. Նիկողոսյանը, չկազմակերպելով անհետաձգելի բժշկական միջոցառումներ, իր անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով բժշկական օգնությունը իրականացրել է մասամբ եւ սխալ՝ դրանով իսկ խորացնելով ինչպես գլխուղեղի, այնպես էլ ողնուղեղի վնասվածքները, որոնք էլ իրենց հերթին կարող էին առաջ բերել հիվանդի ֆունկցիաների լրացուցիչ խանգարումներ եւ արնազեղումների ծավալների աճ:

Հարուցված քրգործով հիմնավորվել է, որ բժիշկը հիվանդին առանց պատշաճ հետազոտելու, առանց հայտնաբերելու վզի C 5 ողի կտրվածքը, միայն արտաքին զննության արդյունքում ախտորոշել է գլխուղեղի ծանր վնասվածք եւ առանց որեւէ տարրական օգնություն ցուցաբերելու՝ կարգադրել է տեղափոխել Երեւան՝ շատ լավ հասկանալով, որ իրական բուժօգնություն որդուս կցուցաբերվի ժամեր անց:

Հրազդանի ԲԿ-ի աշխատակիցների պատճառով մինչ օրս անհայտ են որդուս Հրազդանի ԲԿ տեղափոխող անձի տվյալները, ավտոմեքենայի մակնիշն ու պետհամարանիշը: Հայտնի չէ նաեւ, թե ով է որդուս հագուստներն առանց կտրելու հանել, եւ ինչպես են դրանք հայտնվել գործի ելքով շահագրգռված վարորդի ձեռքին, եւ մեզ վերադարձվել դեպքից 15-20 օր հետո միայն՝ միանգամայն մաքուր վիճակում:

Բազմաթիվ դիմում-բողոքներից հետո ինձ ու փաստաբանիս ընդունեցին ՀՀ գլխ. դատախազությունում, լսեցին մեզ եւ հանձնարարվեց նոր նյութեր նախապատրաստել Հրազդանի ԲԿ-ի մասով:

Կոտայքի մարզի դատախազ պարոն Անդրիկյանը, ելնելով գործի շահերից, ինձ խորհուրդ տվեց քննիչ Սախոյանին հնարավորություն տալ վերացնելու իր իսկ կողմից թույլ տրված սխալները:

Քննիչի կողմից նյութեր էին նախապատրաստվում, բայց անհասկանալի դանդաղկոտությամբ ու ձգձգումներով: 06.02.12թ. նշանակվեց հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Իմ ու փաստաբանիս համառ պնդումներն այն մասին, որ մեր կողմից առաջ քաշված հարցերի պատասխանները ստանանք մինչեւ փորձաքննությունը, դարձյալ անտեսվեցին, եւ մենք փորձաքննությանը ներկայացանք առանց դրանց: 11.07.12թ. ստացվեց փորձաքննության եզրակացությունը: Եվ նորից Կոտայքի մարզի քննչական բաժինը, առանց մեզ ծանոթացնելու փորձաքննության արդյունքներին, ուղարկեց իմ դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով գործի հարուցումը մերժելու մասին որոշման մեկ օրինակը՝ միաժամանակ ինձ հայտնելով, որ որոշմանը դեմ լինելու դեպքում կարող եմ բողոքարկել (ինչը ես արդեն արել եմ):

Որոշման մեջ քննիչը փորձել է տալ իմ մի քանի հարցերի պատասխանները՝ հենվելով վայ- բուժանձնակազմի բացատրությունների վրա, որոնցից «պարզ են դառնում», որ բուժանձնակազմի բոլոր սխալները, բոլոր կեղծիքներն ու թերացումները, պարզապես, «շփոթության» եւ «բարձր հումանիզմի» արդյունք են:

Քննիչը, փորձելով հիմնավորել քրեական գործ հարուցելու մասին իմ դիմումի մերժումը, ծաղկաքաղ է արել նաեւ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից: Մեր կողմից՝ փորձաքննությանը առաջադրվել էր 18 հարց, որից հանձնաժողովը որոշակի պատասխան է տվել 2 հարցի՝ ըստ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման:

Նշված փորձաքննությունը նշանակվել է իմ նախաձեռնությամբ, եւ քննիչը մինչեւ որոշում կայացնելը պարտավոր էր եզրակացության հետ ծանոթացնել ինձ եւ իմ ներկայացուցչին: Եթե խուսափել է դրանից, ապա կայացված որոշման մեջ պետք է տար բոլոր հարցերի պատասխաններն էլ: Քննիչի որոշման մեջ 18-ի փոխարեն արտացոլված 8 հարցերի պատասխաններից 3-ով հանձնաժողովը հանգել է հետեւության, որ հարցի պարզաբանումը պետք է տեղի ունենա քննչական ճանապարհով: Մինչդեռ որոշումից չի երեւում, թե քննչական ճանապարհով պարզաբանման ենթակա հարցերից գոնե մեկը պարզաբանվե՞լ է, թե՞ ոչ:

Հինգ հարցերի պատասխաններից էլ երեւում է, որ ԲԿ-ում Ս. Կարապետյանի նկատմամբ անհետաձգելի բուժօգնությունը ցուցաբերվել է նվազագույն ծավալով. անհրաժեշտ էր կատարել շնչուղիների սանացիա եւ ինտուբացիա, հակաշոկային միջոցառումներ… Հիվանդի տեղափոխումը պետք է իրականացվեր ռեանիմոբիլով՝ ռեանիմատոլոգի ուղեկցությամբ, գլուխը եւ պարանոցը անշարժացված վիճակում: Լրիվ ծավալով բուժօգնություն ցուցաբերելուց հետո այլ բուժհիմնարկություն տեղափոխվելը պետք է կազմակերպվեր հիվանդի հեմոդինամիկ ցուցանիշների կայունացման պայմաններում («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ընդունվելու պահին որդուս մոտ ոչ պուլս է եղել, ոչ էլ ճնշում: Այսինքն՝ որդուս հեմոդինամիկ տվյալները ոչ միայն կայուն չեն եղել, այլեւ ընդհանրապես բացակայել են):

Հանձնաժողովը չի պատասխանել թերեւս իրեն առաջադրված ամենակարեւոր հարցին: Այն է՝ Հրազդանի ԲԿ-ում եւ Երեւան տեղափոխելիս թույլ տրված թերությունների եւ Ս. Կարապետյանի մահվան միջեւ անմիջական պատճառահետեւանքային կապը հաստատել հնարավոր չէ:

Իսկ այժմ մի փաստի մասին, որը

խնամքով թաքցվում է

03.05.12թ. ես գրավոր դիմել եմ ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին: Ի պատասխան իմ դիմումի՝ հայտնել են, որ 2011թ. փետրվարի 13-ին՝ ժամը 18.50-ին, Հրազդանի ԲԿ-ից բուժքույր Միրզոյանը հաղորդել է, որ վթարին բնորոշ հատկանիշներով ստացված մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մեքենայի վարորդը եւ ուղեւորներ Ս. Կարապետյանը, Արթուր Եղիազարյանն ու Վլադիմիր Անթաշյանը: Փաստորեն, ստացվում է, որ, ըստ քրգործի, Հրազդանի ԲԿ է տեղափոխվել միայն որդիս, մինչդեռ որդուս հետ այդ ԲԿ է տեղափոխվել եւս 3 անձ, որոնց մասին, ի դեպ, հիվանդանոցի եւ ոչ մի գրանցամատյանում գրանցում չկա:

Ելնելով այս եւ մյուս փաստերից՝ ես հանգել եմ հետեւյալ եզրակացության, որ որդուս վթարի առնչությամբ հարուցված քրգործի քննությունը հենց սկզբից ընթացել է ամեն ինչ քողարկելու սկզբունքով, եւ որ դրա սցենարը գրվել է Կոտայքի մարզի քննչական բաժնում: Իսկ ինչ վերաբերում է ինձ, երդվում եմ որդուս հիշատակով, ամեն ինչ անելու եմ պարզելու համար, թե ինչ են թաքցնում Հրազդանի ԲԿ-ի աշխատակիցները եւ իրենց տղայիս «ընկեր» հորջորջող տականքները:

ՀԱՅԿԱՆՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մայր, տուժողի իրավահաջորդ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031