Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեջրագործներից բաղկացած ավագանի՝ Գյումրիում

Օգոստոս 10,2012 14:25

Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանն իր հետ քաղաքապետարան կտանի նաեւ գարեջրի գործարանի իր աշխատակիցներին:

Գյումրիում անզիջում պայքար է սկսվել ավագանու անդամ դառնալու համար. երեկվա դրությամբ մոտ 45 հոգի արդեն իսկ պաշտոնապես դիմել են թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ ցանկություն հայտնելով հետագայում արժանանալ այս կոչմանը: Ընթերցելով թեկնածուների ցանկը՝ տեսնում ենք, որ նրանց մեջ մեծ թիվ են կազմում ինչպես ավագանու հին անդամները, որոնք, ամենայն հավանականությամբ, չեն կարող հրաժարվել հողատարածք, գազելի գիծ ունենալու բարիքներից, այնպես էլ ԲՀԿ-ականներն ու գարեջրագործները: Օրինակ՝ ավագանու անդամ դառնալու ցանկություն հայտնել է «Գյումրի գարեջուր» ՍՊԸ արտադրության տնօրեն, անկուսակցական Արթուր Վարդանյանը, նույն գործարանի խմորման-վերամշակման արտադրամասի պետ, ԲՀԿ-ական Արամայիս Գրիգորյանը: Նման ցանկություն ունի նաեւ նույն գործարանի ավտոհավաքակայանի պետի տեղակալ, ԲՀԿ-ական Հովսեփ Ավետիսյանը, ինչպես նաեւ «Գյումրի-գարեջրի» մատակարարման բաժնի պետ, դարձյալ ԲՀԿ-ական Սուրեն Ջանոյանը: Նշենք, որ մյուս առաջադրվողներն էլ պարտադիր որեւէ ձեռնարկության ղեկավար են՝ կամ գործակալությունների, կամ ՍՊԸ-ների տնօրեններ: Պարզվում է՝ Գյումրիում ավագանու անդամ դառնալը այլեւս ոչ թե հեղինակության, այլ տղամարդկայնության հարց է. եթե այս քաղաքում տղամարդը քիչ թե շատ նորմալ մեքենա ու թեկուզեւ 2-3 աշխատակիցներից բաղկացած հիմնարկություն է ղեկավարում, ապա իրեն պակասում է միայն տեղի օրենսդրի աշխատանքը:

Հիշեցնենք, որ ձեռնարկատերերին ու թաղային հեղինակությունների տղաներին ու փեսաներին հակառակ՝ Գյումրու տարբեր մասնագիտություններ ունեցող մի քանի ճանաչված դեմքեր՝ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Շիրակ կենտրոն« հ/կ նախագահ Վահան Թումասյանը, տնտեսագետ Կարեն Պետրոսյանը, ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը, բնապահպան Գեւորգ Պետրոսյանը ստեղծել են «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնություն ու պատրաստվում են թիմով առաջադրել իրենց թեկնածությունը՝ ինտելիգենցիայից բաղկացած ավագանի ունենալու, քաղաքապետի գործողությունները վերահսկելու ու քաղաքը ալան-թալանից փրկելու նպատակով: Նմանատիպ մի նախաձեռնությամբ հանդես է եկել նաեւ քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանը՝ ստեղծելով իր խումբը, միայն թե ոչ թե տարբեր ոլորտի մասնագետներից բաղկացած, այլ հիմնականում գարեջրի գործարանի աշխատակիցներից: Պարոն Բալասանյանի այս քայլը անուղղակի կերպով արժանացավ քննադատության, ընդ որում՝ Գյումրու քաղաքապետի մյուս թեկնածուի՝ Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ, ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանի կողմից: Լրագրողների հարցին՝ պատրաստվո՞ւմ եք ավագանու ձեր թիմը առաջադրել, դաշնակցական թեկնածուն այսպես արձագանքեց. «Դաշնակցությունը միշտ հայտարարել է, հիմա էլ ենք հայտարարում, որ ավագանու ինստիտուտը շատ կարեւոր ինստիտուտ է տեղական ինքնակառավարման մարմիններում, շատ կարեւոր դերակատարություն ունի, իհարկե՝ որոշ տեղերում համայնքի ղեկավարն է մեղադրվում, որ էս թերություններն ունի, էն մյուս թերություններն ունի, բայց ընդհանրապես մոռանում ենք, որ շատ որոշումներ հենց ավագանին է կայացնում: Իսկ այդ ավագանու անդամները ոնց որ թե ստվերում են մնում՝ իրավունքից դուրս, ոնց որ թե պարտականություն, պարտավորություն չունենան»: Այսպիսի նախաբանով սկսելով իր խոսքը՝ մարզպետարանի պաշտոնյան անցավ բուն թեմային՝ մրցակցի նախաձեռնությանը՝ իհարկե չտալով նրա անունը: «Ես գտնում եմ, որ ավագանին պետք է լինի այն զսպաշապիկը, որ պետք է կաշկանդի քաղաքապետին ապօրինություններ, անօրինականություններ կատարելու: Վերջապես քաղաքի զարգացման քառամյա ծրագիրը ավագանին է հաստատում, իր ներդրումը պետք է ունենա այդ գործի մեջ եւ հսկի, որ այդ կետերը կատարվեն, շատ եմ կարեւորում ավագանու դերը: Եվ եթե քաղաքապետը ինքը մեծամասնությամբ է գալիս, ես ձեզ վստահեցնում եմ, որ ով էլ լինի ինքը՝ էդ սահմաններից դուրս է գալու: Ճիշտը այն է, որ եկող քաղաքապետը չունենա մեծամասնություն ավագանիում: Էդ ամբողջը հաշվի առնելով՝ մենք որոշել ենք 1-2 կուսակցական ընկեր առաջադրել ու հնարավորություն տալ մյուսներից ընդդիմություն ունենալու: Էս ամբողջի շարժիչ ուժը եւ արդարության ապահովումը ես գտնում եմ, որ կարող է անել ընդդիմադիր ուժը: Մարդ էակը ունի այդ թերությունները, ով ուզում է լինի, ես կամ մյուսը լինի, եթե ավագանին ամբողջովին պետք է լինեն իմ թիմակիցները, բնականաբար՝ ի՞նչ խնդիր պետք է ունենամ, ինչ ապօրինություն ուզեմ՝ էդ էլ կկատարեմ: Իսկ եթե ընդդիմադիր ուժը մեծ թվաքանակ ունենա, ինչու չէ՝ մի քանի կուսակցություններ կարող են ստեղծել ավագանու թիմ, ավագանու ինստիտուտը կկայանա: Ես այսպես կանեմ, եթե, իհարկե, ընտրվեմ քաղաքապետ»:

Իրոք անհնար է չհամաձայնել, որ կառավարելի ավագանու անդամներ ընտրելով՝ Սամվել Բալասանյանը առանձնապես ոչինչ չի փոխելու Գյումրիում, նա այս առումով շարունակելու է այն տխուր պատկերը, որը հիմնել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի լծի տակ գտնվող ավագանու անդամներից գոնե մեկը ռիսկ չէր անում դեմ քվեարկել որեւէ քննարկման, այստեղ ամեն ինչ անցնում էր միաձայն, առանց ավելորդ առարկությունների:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031