Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իմ հայը

Օգոստոս 10,2012 14:17

Իմ ապրած եւ մեծ աշխարհի հետ իմ շփման տարիների ընթացքում ես երկար մտածում էի, որ մի օր կգրեմ, կփորձեմ հասկանալ, ճանաչել հայի, այսինքն թե՝ իմ հոր, մոր, իմ եւ ընկերներիս ու ճանաչածս մարդկանց տեսակն ու նպատակը: Ուզում էի գրել ու վախենում էի պատմությունից, վախենում էի Խորենացուց, Նարեկացուց, ընդհանրապես պատմությունից էի վախենում, վախենում էի իմ գիրը դնել նրանց կողքին՝ համարելով խոսքս անարժան գրոց հիշատակի, սթափվում էի նաեւ Դեմիրճյանի, Նժդեհի ու Սարոյանի Հայի առջեւ…

Բայց ես իմ հային էի փնտրում, ում, կարծես թե, ճանաչել էի իմ լավ ու վատ, տրտում եւ ուրախ օրերի ընթացքում: Այնինչ, ամեն հայ իր մեջ իր հայն ունի…

Ինչպես Տերյան երեւելի բանաստեղծի Ղազար հայր ու Թորոս հորեղբայրն իրենց հայերն ունեին. մեկը եկեղեցի էր սարքում, մյուսը՝ գիշերը քանդում էր, ոչ այն պատճառով, որ եղբայրներն իրար չէին սիրում, այլ մեկը Աստված էր սիրում, մեկը՝ Լուցիվեր:

Մանկությանս տարիներին Ջավախքի Գոման մեր գյուղը լեփ-լեցուն էր ջահելությամբ, եւ քանի որ բոլոր ճանապարհները փակ էին, գյուղը մեծանում, մեծանում ու հորձանք էր տալիս, եւ այդ հորձանուտում այնքան մոտիկ էինք հայտնվում մենք իրար եւ այնքան էինք ճանաչում միմյանց, որ սկսում էինք խորհուրդներ տալ: Ինչպես օրավուր օգնում իրար, որ հանկարծ այդ հորձանուտի մեջ հայտնված մեկը իրեն մենակ չզգար: Գյուղը տեր էր ու տնօրեն:

Բայց եկավ մի պահ, երբ գյուղը սկսեց նոսրանալ: Զարմանալի բան, ոչ մի կռունկ մենակ չի չվում, քանի որ նա չգիտի տեղ հասնելու ճանապարհը, մերոնք չվեցին, չվեցին աներամ, քանզի դրսի անհայտ աշխարհը կանչում էր նրանց մեկ առ մեկ ու կանչում էր աներամ: Եվ եղավ այնպես, որ նրանք երամ դարձան դրսում՝ թողնելով հայրենական գյուղն աներամ, որպես հիշատակների ու սրբազան գերեզմանների հայրենիք:

Տեր Աստված, ո՞վ վիրավորեց մեր ցեղին, ո՞ր ժամանակներում: Շատերն ասում են, թե՝ Տիգրան Մեծից հետո, որն աշխարհակալ էր: Բայց ճիշտ չէ, թող ինձ ներեն գիտնականները, քանի որ Տիգրան Մեծը մեր պատմության մեջ ընդամենը երեկվա օրն էր եւ ընդամենը երկու հազար տարի առաջ: Այնինչ, մեր ցեղին վիրավորում են այսօր, ինչպես հազարամյակներ առաջ՝ խեղաթյուրելով մեր պատմությունը, մեր Ծննդոց գիրքը:

Ո՞ւր է իմ Հայը, իմ ընկերն ու եղբայրը, որը հավերժ վիրավորված է, ումի՞ց է վիրավորված եւ որերորդ հազարամյակում՝ ինքն էլ չգիտի, անվերջ փնտրում է, փնտրում-գտնում է ու շարունակում է փնտրել՝ մոռանալով, սակայն, որ իր հետ ապրող ժողովուրդները վաղուց արդեն չկան, բայց ինքը կա ու մնում է վիրավորված: Ի՞նչ եղավ մեզ հետ:

Երբ խոնարհ ենք օտար պետություններում օտար իշխանությունների առջեւ, բայց ապստամբ ենք սեփական իշխանությունների դեմ, քանի որ ամեն հայի իր երկրում թվում է, թե ինքն է իշխանությունը: Գաղտնիքը թերեւս այնտեղ է, որ Հայաստանում երբեք չի եղել ստրկատիրություն, ուստի մենք սիրում մեր չունեցածն ավելին, քան ունեցածը…

Ես փնտրեցի իմ հային ու կարծես՝ չգտա, բայց խոստանում եմ գտնել անպայման:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈԻԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031