Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պուտինը նաեւ գարեջուր է սիրում

Օգոստոս 10,2012 13:53

Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան նախորդ օրը կայացած հանդիպման վերաբերյալ վերջին շաբաթվա ընթացքում այնպիսի վերլուծություններ են գրվել, որ ես պարզապես զարմանում եմ դրանց հեղինակների իրազեկության վրա: Մեր վերլուծաբանները հավաստի աղբյուրներ ունեն թե՛ մեր նախագահականում, թե՛ Կրեմլում, եւ պետությունների երկու ղեկավարների hետ նման մտերմությունը նրանց թույլ էր տվել կանխատեսելու, թե ինչ է Պուտինը ասելու Սարգսյանին: Իսկ ասելիքը, ըստ այդ իրազեկ վերլուծաբանների, հետեւյալն է. «Ես Քոչարյանին ավելի շատ եմ սիրում եւ ցանկանում եմ նրան տեսնել ՀՀ նախագահի պաշտոնում»: Կամ՝ «Մտիր Եվրասիական միություն, թե չէ՝ վատ կլինի»: Ես, իհարկե, հիշյալ վերլուծաբանների իրազեկության աստիճանը չունեմ, իսկ պետական ծառայության իմ համեստ փորձն ինձ հուշում է, թե մոտավորապես ինչի մասին եւ ինչպես կարող են խոսել երկու պետությունների ղեկավարները: Այդ իսկ պատճառով նման վերլուծություններն ինձ անհեթեթ են թվում:

Բայց ամեն ինչ, ինչպես հայտնի է, հարաբերական է: Անհեթեթությունը՝ նույնպես: Գյումրիում լուրեր էին տարածվել (եւ տարածողը, հավանաբար, հենց քաղաքապետն է), թե Մոսկվայում բարձրագույն մակարդակով քննարկվելու է Հայաստանի երկրորդ քաղաքի քաղաքապետի հարցը: Իբր՝ Վարդան Ղուկասյանն օգտագործելու է իր կապերը, որպեսզի Պուտինը համոզի մեր նախագահին՝ սատարել Գյումրիի ներկայիս քաղաքապետին: Թե ինչու Պուտինը պետք է այդքան շահագրգռված լինի, որ Վարդան Ղուկասյանը մնա Գյումրու քաղաքապետի պաշտոնում՝ դրա պատասխանն էլ է տրվում: Պարզվում է, Վարդանիկը անզուգական կազակ է եւ քաջարի ատաման: (Պարզ չէ այդ դեպքում, թե ինչու նա Բուռնաշի հետ լեզու չի գտել): Ճիշտն ասած, Տոլստոյի եւ Շոլոխովի ստեղծագործություններում ես ոչ մի հայ կազակի չեմ հանդիպել: Բայց դա, հնարավոր է, ռուս գրողների բացթողումն է, որն, ի վերջո, ներելի է, որովհետեւ պարոն Ղուկասյանն այն ժամանակ դեռ չէր ծնվել, թե չէ՝ անպայման կպատկերվեր ձիու վրա, թուրը՝ մի ձեռքում, մտրակը՝ մյուսում, խրոխտ հայացքը դեպի ռուսաստանյան տափաստաններն ուղղած: Բայց արդյոք Գյումրիի քաղաքապետի այդ բոլոր բարեմասնությունները բավարա՞ր են, որպեսզի Պուտինը այդքան շահագրգռված լինի նրա անձով: Ի դեպ, որպես Գերմանիայում աշխատած մարդ, ՌԴ նախագահը գարեջուր էլ է սիրում (ինչը բազմիցս խոստովանել է), եւ այդ հանգամանքն անվիճելի առավելություն է տալիս ՀՀԿ-ԲՀԿ միասնական թեկնածուին:

Ըստ իմ ունեցած խիստ հավաստի տեղեկությունների՝ Գյուլագարակ գյուղի համայնքապետի հարցը որոշվելու է Պան Գի Մուն-Օբամա հանդիպման ժամանակ:

 ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031