Օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում անցկացվելու է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի 3-րդ փառատոնը: Դրա ընթացքում բացվելու է հայտնի մնջախաղացի հուշարձանը:
Այսօր Մշակույթի նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ փառատոնի գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանն ասաց, որ Ենգիբարյանի արձանը հրաշալի կոթող է եւ մեծ նվեր փառատոնին. «Կցանկանայի, որ մյուս քաղաքապետերն էլ հանդես գային նման նախաձեռնություններով»: Որքանով տեղյակ է Դադասյանը, Ծաղկաձորի հյուրանոցներն արդեն ծանրաբեռնված են, քանի որ բոլորը ցանկանում են հենց այդ օրերին ներկա գտնվել քաղաքում: Հյուրերը արդեն ժամանել են եւ գտնվում են Ծաղկաձորում: Վատառողջ լինելու պատճառով չի եկել միայն թուրք մասնակիցը: «Ազգային ոչինչ չկա»,-նշեց փառատոնի գործադիր տնօրենը:
Այս տարի մրցանակներից մեկը լինելու է մեդալը, որը փառատոնի խորհրդանիշն է:
Մնջախաղի փառատոնին ներկա է գտնվելու նաեւ Ենգիբարյանի թոռը` Պետր Պոպպերը:
«Բարեւ ձեզ». սա միակն արտահայտությունն է, որ հայերենով գիտի փառատոնի հատուկ հյուրը` Ելենա Վիկտորովնան: Նա արդեն հասկացել է` ռուսերենով չի կարող զարմացնել, եւ պետք է շտապ հայերեն սովորել:
«Ձեզ մոտ պահպանված է թատրոնը, մնջախաղը` նույնպես: Ցավոք այսօր կա ընդամենը երկու պետություն, որտեղ գործում է այդ ժանրի թատրոն. Ռուսաստանում եւ Վրաստանում: Ձեզ մոտ նկատվում է լույս: Դա նշանակում է, որ ցանկություն ունեք, որպեսզի մնջախաղը զարգանա Հայաստանում: Փառատոնը դրա ապացույցներից մեկն է: Դժվար է շատ, հասկանալի է, սակայն պետք է միավորվել ու լուծել այդ հարցը: Ինչով կարողանամ, կօգնեմ ձեզ: Ես միանգամից համաձայնվեցի անցկացնել վարպետության դասեր: Ւնձ հետ բերել եմ մեծ նվեր, որը օգուտ կտա մնջախաղին: Դա իմ գրքերի արխիվն է ու կարծում եմ` երիտասարդները կհավանեն իմ աշխատանքները»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ