Լոնդոնի օլիմպիական խաղերին նախապատրաստվելու չորս տարիների ընթացքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան եւ ՀԱՕԿ-ը արել են Խաղերին լավագույնս պատրաստվելու համար անհրաժեշտ ամեն բան, Խաղեր մեկնող ծանրորդներին ընտրել ըստ իրական արժանիքների: «Aravot.am.-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը եւ ավելացրեց, որ եթե մասնագետներն ու սպորտի ղեկավարները համարեն, որ ինքը լավ չի աշխատել, պատրաստ է նաեւ հրաժարական տալ:
– Պարոն Խաչատրյան: Շատերը Լոնդոնում մեր ծանրորդների անհաջողությունները կապում են նախապատրաստական փուլում ֆեդերացիայի եւ ՀԱՕԿ-ի թերացումների հետ:
– Այդ գնահատականին կտրականապես դեմ եմ: Պեկինի օլիմպիական խաղերից հետո, երբ սկսվեց Լոնդոնի նախապատրաստությունը, չորս տարիների ընթացքում ֆեդերացիան լիովին կատարել է իր պարտականությունները, եթե չասենք՝ մի բան էլ ավելի: Չի եղել մի դեպք, որ բալոր տարիքային խմբերի հավաքականների մարզիչները, մարզչական խորհուրդը թիմերի հավաքները կազմակերպելու, մարզիկներին սննդով, վերականգնիչներով ու գործին անհրաժեշտ ցանկացած հարցով իրենց հիմնավորված առաջարկները ներկայացնեն ու մերժվեն: Նրանք նպատակահարմար գտե՞լ են այսինչ վայրը հավաքի մեկնել՝ այսքան մարզիկով, արվել է, համարել են, որ այս կամ այն վիտամինը, վերականգնիչը, սնունդն է ցանկալի, ապահովվել են: Իսկ եթե ինչ-որ բան ֆեդերացիայի եւ իմ, որպես նախագահի ուժերից վեր է եղել, անմիջապես դիմել եմ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին ու նա անմիջապես բոլոր հարցերը կարգավորել է: Պատկերացրեք, որ ծանրորդների, եւ ոչ միայն նրանց համար, պարոն Ծառուկյանի աջակցությամբ Ճապոնիայից ու Չինաստանից գերժամանակակից վիտամիններ ու վերականգնիչներ են բերվել Հայաստան, միայն թե Խաղերին նախապատրաստվող մարզիկները խնդիրներ չունենան: Իսկ վնասվածք ստացած ծանրորդներին ու մյուս մարզաձեւերի ներկայացուցիչներին լիարժեք բուժելու, վիրահատելու եւ վերակնգնողական շրջանը լավագույնս կազմակերպելու նպատակով Գագիկ Ծառուկյանը կրկին կանգնած եղել բալարիս թիկունքին՝ նրանց ուղարկելով եվրոպական լավագույն կլինիկաներ: Այնպես որ, ձեր նշած քննադատական խոսքերը անհմն են: Գուցե, դրա պատճառն այն է, որ վերջին վեց տարիներին մեր ֆեդերացիան մարզասերներին սովորեցրել է, որ ցանկացած խոշորագույն մրցումից հայ ծանրորդները վերադառնում են մեդալների հարուստ ավարով, որ այս ֆեդերացիայի օրոք են եղել աշխարհի առաջին ու միակ տղամարդ եւ կին չեմպիոնները, այս ընթացքում են մեր ծանրորդները Եվրոպայի առաջնություններում միանգամից մի քանի ոսկի, արծաթ ու բրոնզ բերել, երկու տարի անընդմեջ Հայաստանի ներկայացուցիչներն են ճանաչվել Եվրոպայի լավագույն ծանրորդ: Այսպես կարելի է երկար շարունակել: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան այս վեց տարում օլիմպիական խաղերում, բոլոր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, Համաշխարհային ուսանողական խաղերում եւ այլ խոշորագույն մրցումներում ընդհանուր առմամբ շուրջ 350 մեդալ է նվաճել Հայաստանի համար: Կարծում եմ, ֆեդերացիայի ու նրա նախագահի աշխատանքը գնահատելիս այս ամենը չպետք է մոռացության տրվի:
– Կարծիք կա նաեւ, որ Լոնդոն մեկնող ծանրորդների ընտրությունը ճիշտ չի կատարվել:
– Այսինքն, ինչպե՞ս ճիշտ չի կատարվել: Ուժեղին թողել՝ տարել ենք թույլի՞ն: Աբսուրդ է: Լոնդոնի համար ունեինք տղաների՝ չորս եւ աղջիկների՝ երկու վարկանիշ: Մելինեից ու Հռիփսիմեից ավելի արժանավոր ծանորդ ունեի՞նք, որ չենք ընդգրկել հավաքական: Ինչ վերաբերում է տղաների ընտրությանը: Չորս ուղեգրին, այո, հավակնում էին մոտ յոթ ծանրորդներ: Նրանցից չորս ամենաարժանավորներին ընտրելու նպատակով կազմակերպել ենք Հայաստանի գավաթի առաջնություն, որի ժամանակ ամեն մի ծանրորդ իր անձնական մարզչի հետ ազատ էր քաշ պատվիրելու եւ պետք է ցույց տար այնպիսի կիլոգրամներ, որոնք օլիմպիական խաղերի պահանջներին համապատասխան կամ մոտ կլինեին: Այդ մրցումը բաց է եղել բոլորի համար: Թեկնածուներից Արայիկ Միրզոյանը լավ կիլոգրամներ չբարձրացրեց: Նա դրանից մոտ մեկուկես-երկու ամիս առաջ ամուսնացել էր: Չգիտեմ, գուցե դա էր պատճառը: Ռուբեն Ալեքսանյանը այդ օրը նախավարժանքի ժամանակ ուսը ցավեցրեց ու բարձր արդյունք չկարողացավ ցույց տալ: Եվ նրան բուժելու ու իրեն արդարացնելու երկրորդ շանսի համար ժամանակ այլեւս չկար: Այդպիսին են սպորտի օրենքները: Ինչ վերաբերում է Վանիկ Ավետիսյանին, որի արդյունքը վատ չէր, բայց չէր բավարարում հավաքականի հիմնական կազմ ընդգրկվելու համար, միեւնույն է, մինչեւ վերջին վայրկյանը հիմնական կազմի տղաների հետ գտնվել է նախաօլիմպիական հավաքներում:
– Սովորաբար, ձախողումից հետո տվյալ ոլորտի ղեկավարը հրաժարական է տալիս:
– Ես ֆեդերացիայի նախագահի աթոռից կառչած չեմ: Օլիմպիական խաղերի ավարտից հետո, երբ բոլորը վերադարձած կլինեն, կհրավիրենք ծանրամարտի ֆեդերացիայի ընդհանուր ժողով: Բոլորն էլ ելույթ կունենան, իրենց կարծիքները կարտահայտեն, եթե իմ աշխատանքում թերացումներ ունեցել եմ, կասեն՝ ոչ ոք արտահայտվել ցանկացողներին չի խանգարի, արգելք չի հանդիսանա: Եվ եթե մեր մասնագետները, մարզիչները, օլիմպիական կոմիտեն եւ նախագահ Գագիկ Ծառուկյանը կգտնեն, որ նպատակահարմար է, որպեսզի ծանրամարտի ֆեդերացիան մեկ այլ մարդ ղեկավարի, խնդիր չկա: Հանգիստ խղճով հրաժարական կտամ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ