«Հռիփսիմե Խուրշուդյանը Լոնդոնում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի համար ոչ միայն միակ մեդալը նվաճեց, այլեւ կամքի ու պայքարելու դաս տվեց նաեւ տղաներին, – «Aravot.am»-ին ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: – Նրա բրոնզե մեդալը ինձ համար ոսկու արժեք ունի: Եթե հեռուստաէկրանին նկատել եք, նրան աշխատեցնում էին կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը եւ մերսորդ ընկեր Հարությունը: Հռիփսիմեն պայքարում էր ոտքի վնասվածքով ու ամեն մի հերթական մոտեցումից առաջ նրա ոտքը մերսում եւ սառեցնում էին: Ու այդ վիճակում նա պայքարեց, հաղթեց այդ պահին դեռ գործող օլիմպիական չեմպիոն կորեացուն՝ ինքը բարձրանալով պատվանդանի երրորդ աստիճան: Դեռ չեմ խոսում անցած տարվա նոյեմբերին աշխարհի առաջնությունում նրա ստացած ձեռքի լուրջ վնասվածքի մասին, որից հետո նա երկար ամիսներ բուժվում ու վերականգնվում էր: Պատկերացրեք, որ Հռիփսիմեն այս տարվա հունվար ամսին դեռ չէր կարողանում 90 կգ հրում կատարել: Բայց համառության, աշխատասիրության շնորհիվ նա հասավ արդյունքի: Ավելին ասեմ. մարզուհին Լոնդոնի մրցահարթակում այդքան վնասվածքներ ունենալով գերազանցեց իր լավագույն արդյունքները: Նա երբեք պոկումում՝ 128, հրումում՝ 166 կիլոգրամ չէր բարձրացրել եւ երկամարտի 294 կիլոգրամ չէր ցուցադրել: Լոնդոնում արեց: Ու այն էլ ինչպես: Հրում վարժությունում երկրորդ մոտեցմամբ առաջին անգամ բարձրացրած 166 կիլոգրամը մրցավարները չհաշվեցին ու նա երկրորդ անգամ գրոհեց այդ քաշը, բարձրացրեց՝ ապացուցելով, որ կամքով ամեն ինչ կարելի է անել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ