Նախօրեին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր անդամներ Արարատ Զուրաբյանը, Կարեն Կարապետյանը, Դավիթ Առաքելյանը, Գառնիկ Գեւորգյանը, Կարեն Սավզյանը, Հրաչ Հակոբյանը, Արմեն Բաղդասարյանը, Վալենտինա Միրզոյանը դուրս են եկել կուսակցությունից, ինչի մասին համապատասխան հայտարարություն են փոխանցել կուսակցության վարչությանը: Հայտարարության տեքստը նրանք փոխանցել են վարչությանը եւ գնացել տոնելու Արարատ Զուրաբյանի ծննդյան տարեդարձը: Հայտարարության տեքստն առայժմ չի հրապարակայնացվում, ինչպես նաեւ մեկնաբանություններ չեն արվում: Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Կարապետյանն ասաց, որ մեկնաբանությունները եւ պարզաբանումները կլինեն ավելի ուշ: Պատճառը, ենթադրաբար այն է, որ այս օրերին կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը գտնվում է ԱՄՆ-ում: Հավանաբար, Զուրաբյանը սպասում է նրա արձագանքերին եւ հակադարձումներին:
Հիշեցնենք, որ Արարատ Զուրաբյանը եւ Խաչատուր Քոքոբելյանն իրենց թիմերով լքեցին ՀՀՇ-ն եւ ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրություններից մոտ մեկուկես տարի առաջ` ռազմավարական հարցերում անհամաձայնությունների պատճառով: Նրանք հիմնադրեցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, իսկ «Ազատ դեմոկրատների» ներսում կարծիքները կիսվեցին խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ որոշում կայացվեց «Ժառանգության» հետ մեկ ցուցակով ընտրություններին մասնակցելու մասին: Արարատ Զուրաբյանի թեւը կողմ էր, որպեսզի «Ազատ դեմոկրատները» խորհրդարանական ընտրություններին մասնակցեին սեփական ցուցակով: Այդ շրջանում սկսված տարաձայնությունները, սակայն, ժամանակավորապես սառեցվեցին, հավանաբար, ընդհանուր գործին խանգարելու առիթով պարսավանքների չարժանանալու համար: Այժմ, երբ «Ազատ դեմոկրատներն» իրենց ներկայացուցիչներն ունեն խորհրդարանում, զուրաբյանական թեւը որոշեց գնալ սեփական ճանապարհով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ