Այսօր` օգոստոսի 9-ին, ժամը 16.30-ի սահմաններում Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող հատվածում` Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հարևանությամբ, իրար են բախվել Կոմիտասի 24 շենքի բնակիչ Ավետիս Գրիգորյանի վարած «Լեքսուս» մակնիշի 33 ՕՕ 313 համարանիշի և Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի բնակիչ Էդգար Աղաղարիբյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 30 ՏՍ 446 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, վթարի վայրում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել վարորդների միջև:
Վթարի վայր ժամանած Պարեկապահակային ծառայության գնդի («Կարմիր բերետներ») աշխատակիցները ոստիկանություն են տեղափոխել կռվի մասնակիցներից 3 հոգու: Վթարի արդյունքում «Լեքսուս»-ը բարձրացել էր բետոնե արգելապատնեշի վրա` կոտրելով բետոնի մի մասը:
Հետաքննիչի հանձնարարականով, վարորդները ենթարկվելու են բժշկական փորձաքննության` պարզելու սթափության աստիճանը: Գ.Շամշյանը հայտնում է, որ «Լեքսուս»-ի վարորդը ՌԴ քաղաքացի է:
Ըստ shamshyan.com-ի
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի