Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում սեպտեմբերի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին քաղաքապետի 2 թեկնածու է առաջադրվել` ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Մխիթար Զաքարյանը եւ կրկին հանրապետական կուսակցության անդամ Սամվել Միքայելյանը: Հարավային այս քաղաքում հաղթելու մեծ հավանականություն ունեցող թեկնածու է համարվում գործող քաղաքապետը, որը երկրորդ անգամ է առաջադրում իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնի համար:
Իսկ Կապանում քաղաքապետի համար 3 թեկնածու է առաջադրվել` գործող քաղաքապետ Արտուր Աթայանը, նախկին քաղաքապետ Գագիկ Աթաջանյանը եւ «Հայփոստ» ՓԲԸ «Կապանի փոստային» մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանը: Բավականին մեծ թիվ են կազմում ավագանու անդամի համար ներկայացված դիմումները: 15 հոգանոց ավագանու ընտրության համար առաջադրվել է 46 թեկնածու:
Սիսիանի քաղաքապետի համար առաջադրված միակ թեկնածուն դեռեւս գործող քաղաքապետ ԲՀԿ անդամ Աղասի Հակոբջանյանն է:
Սեպտեմբերի 9-ին Գորիսում անցկացվելու է միայն համայնքի ավագանու ընտրություն, որտեղ փաստաթղթերն են ներկայցրել ավագանու անդամի 11 թեկնածու, որից մեկը կին ներկայացուցիչ է:
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացնում են թիվ 38 ԸԸՀ-ից`Մեղրիում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է 2 թեկնածու` գործող քաղաքապետ ՀՀԿ ներկայացուցիչ Սերգեյ Հայրապետյանը եւ անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանը:
Քաջարանում ներկայիս քաղաքապետ ՀՀԿ անդամ Վարդան Գեւորգյանը պայքարելու է անկուսակցական Ռաֆայել Լալայանի հետ: Այստեղ համայնքի ղեկավարի համար առաջադրվածները դեռեւս երկուսն են, ավագանու համար` 9 հոգի:
Սիսիանի տարածաշրջանի Դաստակերտ համայնքում քաղաքապետի թեկնածուները գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Նաիրի Ֆիլոսյանը եւ անկուսակցական, գործազուրկ Սասուն Սարգսյանն են:
Առաջադրումներին ակտիվորեն մասնակցում են նաեւ գյուղական համայնքներից, որտեղ գյուղապետի համար մեծամասամբ 1-ից ավելի թեկնածուներ են առաջադրվել: Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է միանգամից 3 թեկնածու: Դիմուների հոսքը մարզի 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ դեռ շարունակվում է:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ