Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատներ»-ի 8 անդամներ հայտարարում են կուսակցությունից դուրս գալու մասին

Օգոստոս 09,2012 21:19

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ութ անդամներ` այդ թվում վարչության հիմնադիր անդամներ, այսօր կուսակցությունից պաշտոնապես դուրս գալու մասին հայտարարություն են փոխանցել կուսակցության վարչությանը:

Կուսակցության վարչության հիմնադիր անդամ Գառնիկ Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ բացի իրենից կուսակցությունից հեռացածների թվում են Արարատ Զուրաբյանը, Կարեն Սավզյանը, Հրաչ Հակոբյանը, Արմեն Բաղդասարյանը, Վալենտինա Միրզոյանը եւ կուսակցության վարչության հիմնադիր անդամներ Կարեն Կարապետյանը եւ Դավիթ Առաքելյանը:
Ըստ Գառնիկ Գեւորգյանի, կուսակցությունից հեռանալու պատճառը նշված է վարչությանը փոխանցված հայտարարության մեջ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իսկապես իրենք ծրար են ստացել եւ կարծիք հայտնեց, որ դա կարող է լինել հենց կուսակցությունից հեռացածների հայտարարությունը:
Ինչ վերաբերում է իր կուսակիցների հեռանալու հնարավոր պատճառներին, ապա Արզումանյանի խոսքով, իրենք ազատական կուսակցություն են, եւ յուրաքանչյուրն ազատ է իր քայլերում:
Նա նկատեց, որ վերջին շրջանում կուսակցությունից հեռացած ութ անձինք գրեթե չէին լինում կուսակցության գրասենյակում, ինչը, ըստ Ալեքսանդր Արզումանյանի, կարելի էր պատգամ համարել, որ նրանք պատրաստվում են լքել կուսակցությունը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հիմնադրվել է 2011 թվականին: Կուսակցության ղեկավար կորիզը բաղկացած է հիմնականում նախկին ՀՀՇ ղեկավարներից:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել