Իջեւանի ավագանու 2006թ. հուլիսի 14-ի` «Քաղաքաշինական նպատակներով տարածքներ հատկացնելու մասին» որոշումով 2007թ. հունիսի 22-ին կայացել է քաղաքաշինական նպատակներով կառուցապատման իրավունքով հողամասերի տրամադրման մրցույթ: Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն այդ օրը հաստատել է այդ հողամասերի տրամադրման մրցույթի եզրափակիչ արձանագրությունները: Դրանով քաղաքապետը Իջեւանի Անկախության փողոցում 1500 քառակուսի մետր տարածքը առեւտրի եւ սպասարկման օբյեկտ կառուցելու համար, 99 տարի ժամկետով, վարձակալությամբ տվել է հարազատ որդուն` Նաիրի Ներսիսյանին:
Մարզկենտրոն Իջեւանի կենտրոնում` քաղաքային զբոսայգու լճակի շրջակա 1500 քմ տարածքի տարեկան վարձավճար է սահմանվել չնչին գումար` 45 հազար դրամ: Այդ որոշման 2-րդ կետով Վ. Ներսիսյանը քաղաքապետարանի գլխավոր մասնագետ Ա. Հակոբյանին, մասնագետ Է. Քամալյանին հանձնարարել է կազմել հողահատկացման փաստաթղթեր եւ մրցույթի հաղթողների հետ կնքել հողամասերի կառուցապատման իրավունքով օգտագործման պայմանագրեր : Մեկ տարի հետո` 2007թ. հուլիսի 18-ի Իջեւանի ավագանին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի առաջարկով համայնքի բյուջեից 9 միլիոն դրամ է հատկացրել քաղաքային զբոսայգու լճակի եւ հարակից տարածքի բարեկարգման համար: Ավագանու որոշման մեջ նշված է, որ «ՍԻ-ԷՅՉ-ԷՖ ինտերնեյշնլ» կազմակերպության աջակցությամբ նախատեսվում է իրականացնել քաղաքային զբոսայգու լճակի եւ շրջակայքի փուլային բարեկարգման ծրագիր, եւ քաղաքապետի առաջարկությամբ այդ ծրագրում ներդրում է կատարվել: Համայնքի բյուջեից 4 միլիոն դրամ տրամադրվել է լճակի վերանորոգման, 5 միլիոն դրամ` լճակի շրջակայքի բարեկարգման համար:
Ավագանու որոշման նշված չէ, թե այդ ծրագրի ընդհանուր արժեքը որքան է, «ՍԻ-ԷՅՉ-ԷՖ ինտերնեյշնլ» կազմակերպությունը ի՞նչ ներդրում պետք է կատարեր այդ ծրագրում եւ արդյոք դա արե՞լ է: 2011թ. նոյեմբերի 13-ին կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրություններում Վարուժան Ներսիսյանը պարտվեց: Դրանից ավելի քան մի ամիս անց, դեկտեմբերի 22-ին, երբ Վ. Ներսիսյանի լիազորությունների ժամկետը լրացել էր, սակայն նախկին քաղաքապետը համառորեն չէր ազատում աշխատասենյակը, Իջեւանի նոտարը վավերացրել է նշված տարածքի վարձակալության պայմանագիրը:
Նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանը դեկտեմբերի 22-ի առավոտյան գրավոր դիմել է անշարժ գույքի կադաստրի Իջեւանի տարածքային ստորաբաժանում, հայտնելով, որ նախկին քաղաքապետի լիազորությունների ժամկետը լրացել է, եւ նրա որոշումների հիման վրա կադաստրային ձեւակերպումներ չպետք է արվեն: Կադաստրի ստորաբաժանումը մերժել է վերոհիշյալ տարածքի վարձակալության իրավունքը գրանցել: Նաիրի Ներսիսյանը դրա դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան, դատը դեռ չի կայացել: Ոշագրավ է, որ քաղաքապետարանը 9 միլիոն դրամ է ծախսել զբոսայգու լճակի եւ շրջակայքի բարեկարգման համար, սակայն Նաիրի Ներսիսյանի հետ Վարուժան Ներսիսյանի կնքած պայմանագրում 1500 քմ տարածքի վարձավճարը նույնն է մնացել` ընդամենը 45 հազար դրամ: Ինչպես ասում են` կոռուպցիոն ռիսկերն ակնհայտ են:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ