Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիսի աղբանոցն իր «ափերից» դուրս է եկել

Օգոստոս 09,2012 19:35

Մասիս քաղաքն իր հարակից գյուղերով աստիճանաբար խոլերայի «բույն» է դառնում. ամեն օր Երեւանից տոննաներով աղբ են տեղափոխում Մասիսից ընդամենը 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող աղբանոց, որին շատ մոտ են գտնվում նաեւ մի քանի գյուղեր: Այս տարածքում, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասացին մասիսցիները, հակահիգենիկ իրավիճակ է ստեղծվում, բացի այդ, աղբը պարբերաբար այրում են, ինչի հետեւանքով թունավոր նյութեր են արտանետվում շրջակա միջավայր:

Մասիսի բնակիչ Անի Գաբրիելյանի պատմելով՝ «Օրեր առաջ էլ, մոտակա գյուղից ուշ երեկոյան տուն էի վերադառնում: Աղբանոցից բարձրացող ծուխը փակել էր ճանապարհը, ոչինչ չէր երեւոմ, ոնց որ մառախուղ, բայց այս դեպքում՝ աղբից: Իսկ շրջապատով մեկ տարածված գարշահոտությունն անտանելի էր: Այդ աղբանոցի գարշահոտության ու աղբն այրելու պատճառով մեր բնակիչների մոտ տարբեր խրոնիկ հիվանդություններ են սրվում. անհնար է շնչել»:

Աղբանոց մեր այցելության ժամանակ էլ աղբահավաք մի քանի մեքենաներ աղբ էին դատարկում եւ աղբի մի հատված էլ այրվում էր, ու ծուխը տարածվել էր շրջապատով մեկ: Աղբանոցի աշխատակիցները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ իրենք աղբը չեն այրում, այլ՝ «Ինքն իրեն է վառվում. մեկը գալիս է ծխախոտը գցում է կամ կրակայրիչն է օգտագործվում, վառվում է»:

Աղբանոցի տարածքը Մասիսի քաղաքապետարանը 99 տարով տվել է վարձակալության, որի դիմաց ստանում է ընդամենը 58 հազար 800 դրամ: Մասիսի փոխքաղաքապետ  Կարապետ Օհանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ աղբանոցի համար հողհատկացումը տրվել է միայն Մասիս քաղաքը սպասարկելու համար: Իսկ հարցին, արդյոք չի՞ մտահոգում այն փաստը, որ Մասիս քաղաքի եւ հարակից գյուղերի մթնոլորտն աղտոտվում է, ինչն էլ վնասում է բնակիչների առողջությունը, փոխքաղաքապետն  ասաց.«Մտահոգում է, բայց ի՞նչ անենք, ամեն ինչ օրինական է»: Իսկ թե ինչո՞ւ են Երեւանի աղբն այդ աղբանոց տեղափոխում, պարոն Օհանյանն ասաց, որ վարձակալման պայմանագրով արգելված չէ աղբը Երեւանից կամ մեկ այլ վայրից բերելը:

Աղբանոցն այնքան է իր սահմաններից դուրս եկել, որ լցվում է կողքով հոսող  Սեւ Ջուր գետը, որն էլ, ինչպես նկատեցինք, վերածվել էր հոսող աղբանոցի:

Մասիսի շուրջ 250 քաղաքացիներ դիմում-բողոք են ներկայացրել Մասիսի քաղաքապետին եւ իրենց տարածքի պատգամավորին, սակայն մինչ օրս խնդիրը չի լուծվել: Համապատասխան գերատեսչություններում խնդիրը բարձրացնելու համար բնակիչները դիմել են նաեւ «Ժառանգություն» կուսակցությանը:

Իսկ Մասիսի քաղաքապետ Դմիտրի Նազարյանն էլ ասաց, որ ժամանակին ահազանգեր եղել են, հանձնաժողով է ստեղծվել, որը աղբանոցի շահագործողին պարտավորեցրել է դադարեցնել հրկիզումները:

Մեր ձեռքի տակ է նաեւ պայմանագիրը, որի ուշագրավ կետերից մեկով վարձակալը պարտավոր է` «Հողն օգտագործել արդյունավետ, կիրառել արտադրության բնապահպանական տեխնոլոգիաները, չնվազեցնել հողի բերրիությունը, ապահովել բերքի հակահրդեհային անվտանգությունը, տնտեսական գործունեության հետեւանքով թույլ չտալ բնապահպանական իրադրության վատթարացում, հողօգտագործման կանոնների խախտում»:

Արմինե  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031