Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրի Սալո. Ֆինլանդիան ԼՂ-ի համար ընդունելի է համարում ինքնավարությունը

Օգոստոս 09,2012 19:00

Ֆինլանդիայի դեսպանը ճիշտ չի համարում սիրիահայերի ԼՂ տեղափոխվելը

«Ադրբեջանը կարեւոր էներգամատակարար երկիր է մեզ համար: Վրաստանը՝ կարեւոր տրանզիտ երկիր»,- թվարկեց Հարավային Կովկասում Ֆինլանդիայի հատուկ հանձնարարություններով դեսպան Պետրի Սալոն «Ձայներ խաղաղության համար» փառատոնի մասնակիցների հետ երեկվա հանդիպման ժամանակ: Եվ հասնելով Հայաստանին՝ սկսեց խոսել այն մասին, որ այն մի քիչ մեկուսացած է: Սակայն քիչ անց արեց մի դիտարկում, որից ակնհայտ է՝ դեսպանը թեեւ ընդհանուր է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար, բայց ուշադրությամբ հետեւում է այս «մեկուսացած» երկրին առնչվող զարգացումներին: Պետրի Սալոն ասաց. «Այն, որ սիրիահայերը տեղափոխվում են Ղարաբաղ՝ չի նպաստի հակամարտության կարգավորմանը»:

Հիշեցնենք, որ մշտական բնակության նպատակով ԼՂՀ Քաշաթաղի շրջան է տեղափոխվել Սիրիայից 5 հայկական ընտանիք: Սպասվում է ևս 7 ընտանիքի տեղափոխում: Եվ Ստեփանակերտում ՀՅԴ Արցախի կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ էր հնչել առաջարկ, թե արցախցիները պատրաստ են օգնություն ցույց տալ ծանր վիճակում հայտնված սիրիահայերին, ընդունել նրանց իրենց մոտ այնքան ժամանակ, քանի դեռ չի կարգավորվել իրավիճակը Սիրիայում:

Ֆինլանդիայի դեսպանը մեր զրույցի ժամանակ հայտնեց, որ այս տեղեկությունն ընթերցել է հայկական կայքերում, եւ հասկացել, որ նվազագույնը՝ նման տեղափոխություն կազմակերպելու ծրագրեր կան: «Նման գաղափարները կարող են վտանգավոր լինել, եթե խոսում ենք տարածաշրջանի մասին, որի կարգավիճակը վիճարկվում է, մանավանդ հակամարտող տարածաշրջանի մասին, որից իր բնակիչների մի մասը հեռացել է:- ասաց Պետրի Սալոն:- Լավ գաղափար չէ դրսից բնակիչներ ներգրավելը»:

Ամենակարեւորը, որ ձեզ ճանաչի այն երկիրը, որից փորձում եք անկախանալ

Հանդիպման ընթացքում նաեւ նշեց, որ Ֆինլանդիան չի ճանաչում նախկին Խորհրդային միության տարածքում գործող «անջատողական վարչակարգերը»: Իր այս պնդման առնչությամբ զրույցի ընթացքում հետաքրքրվեցինք՝ արդյոք այնուամենայնիվ մարդիկ ունե՞ն ինքնակառավարման իրավունք: «Այո: Սա ԵԱՀԿ սկզբունքներից մեկն է,- համաձայնեց Պետրի Սալոն:- Մարդիկ Ղարաբաղից հաճախ ինձ հարցնում են՝ վկայակոչելով մեր պայքարն անկախության համար 20-րդ դարի սկզբին, թե ինչու չենք ճանաչում այլոց անկախությունը: Իմ պատասխանը սովորաբար լինում է, թե ամենակարեւոր ճանաչումը, որ կարող եք ունենալ՝ այն երկրից է, որից փորձում եք անկախանալ: Մինչ այդ չեք ունենա այլոց ճանաչումը»:

Որպես Ֆինլանդիայի պաշտոնական տեսակետ՝ նա շեշտեց, թե աջակցում են ԼՂ ինքնավարության գաղափարին. «Այս պայմաններում ես այլընտրանք չեմ տեսնում: Հաճախ Երեւանում լսում եմ, թե անկախությունն է այլընտրանքը: Բայց չեմ կարծում, թե Բաքուն կհամաձայնի այդ տարբերակին, ուստի դա խնդրի լուծում չէ»:

Մեր հարցին, թե իր կարծիքով՝ արդյոք Ալանդյան կղզիների մոդելը կարո՞ղ է կիրառելի լինել ԼՂՀ-ի համար՝ պատասխանեց. «Գուցե ոչ ուղղակիորեն: Բայց կարծում եմ՝ կան շատ տարրեր, որոնք կարող են օգտագործվել: Ալանդներն ունի իր սեփական դրոշը, բայց մյուս կողմից՝ միության անդամ է»:

«Նրանք ձեր հարեւաններն են, ու որեւէ տեղ չեն հեռանալու»

Եվ այսուհանդերձ՝ արդյոք միջազգային հանրությունը պետք է անտեսի՞ մարդկանց կամքը, եթե նրանք չեն ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում: Մեր այս հարցադրմանն ի պատասխան Պետրի Սալոն պատմեց, թե խոսել է Ստեփանակերտի որոշ ներկայացուցիչների հետ, որոնք վկայակոչելով անվտանգության, ժողովրդավարության խնդիրները՝ ասում էին, թե իրոք այլեւս չեն ցանկանում: Դեսպանը նկատեց, թե իհարկե՝ ժողովրդավարությունը բարելավման կարիք ունի երկու երկրներում էլ, ու հավելեց. «Բայց կա նաեւ մի փոքրիկ փոքրամասնություն, որոնք ասում էին, թե ինչու ոչ՝ իրար հետ ապրել ենք նախկինում: Նրանք ասում էին՝ մենք սովորում էինք Բաքվում, եւ խնդիր չկար: Իհարկե, եղել են «պոգրոմներ» (անգլախոս դեսպանը հենց այդ բառն օգտագործեց.- Ա. Ի.), պատերազմ է սկսվել եւ այլն: Մենք էլ ենք պատերազմ ունեցել Ռուսաստանի հետ: Այո, դա երկար տարիներ առաջ էր: Բայց պատերազմից հետո շատ արագ սկսեցինք համագործակցել, քանի որ հասկանում էինք՝ մեր հարեւաններ են, ու նրանք որեւէ տեղ չեն հեռանալու»:

Ի դեպ, երբ հանդիպման ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչներից մեկը հետաքրքրվեց, թե Ֆինլանդիան պատրա՞ստ է խաղաղապահ ուժեր ուղարկել Ղարաբաղ, Պետրի Սալոն ծիծաղելով ասաց. «Որպես Ֆինլանդիայում որոշում ընդունողներից մեկը կարող եմ ասել՝ այո»:

Կարեւոր չէ, թե ով էր առաջինը եւ ով ավելի շատ արեց

Մեր զրույցի ընթացքում Ֆինլանդիայի դեսպանի մի դիտարկման առնչությամբ, թե հակամարտող երկու երկրներում էլ «քարոզում են ատելությունը միմյանց ազգերի հանդեպ, փոխանակ բնակչությանը նախապատրաստեն փոխզիջմանը»՝ նկատեցինք, թե միջազգային հանրությունը մշտապես նման զուգահեռներ է տանում կողմերի միջեւ, եւ երբեք չի նշում, թե ի վերջո ո՞վ է առավել ատելության քարոզչություն տանում: «Այդքան էլ կարեւոր չէ, թե ով է ավելի շատ անում: Որոշ դեպքերում թերեւս կարեւորություն ունի, թե ով սկսեց առաջինը, եւ ով էր հաջորդը, բայց արդեն 20 տարուց ավելին ձգվող հակամարտության պարագայում, չեմ կարծում, թե սա է ամենակարեւոր խնդիրը,- պատասխանեց Պետրի Սալոն:- Չեմ կարծում, թե սա է հիմնական խնդիրը: Եթե կանգ առնենք դրա վրա, թե ով ավելի կամ պակաս՝ հնարավոր չի լինի ընթանալ առաջ: Այո, առաջ ընթանալու համար կառուցողական ձեւով պետք է հիշենք բոլոր վատ բաները, որոնք տեղի են ունեցել անցյալում: Բայց առաջ ընթանալու համար մենք պետք է փորձենք հիշել նաեւ լավ բաները: Եղել է պատմության մեջ մի շրջան, երբ բոլոր երեք երկրներն էլ իրար հետ սերտորեն համագործակցել են, եւ ոչ միայն պայքարել միմյանց դեմ»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Մարիեհամն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031