Քիչ առաջ Արթիկի գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր փաստաթղթերը` թեկնածությունը վերստին առաջադրելով Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար: Նշենք, որ առաջադրումները սկսվել են ամսի 5-ից, սակայն 4 օրվա ընթացքում ոչ մեկը չէր հաստատում իր թեկնածությունը, պարոն Վարագյանը փաստորեն առաջինն է: Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, մեր ունեցած տեղեկություններով, երեկ նախագահականում քննարկում է եղել Արթիկի քաղաքապետի թեկնածուի շուրջ, ու որոշվել է «դաբրո տալ» գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանին: Այսպիսով նախկին քաղաքապետ, դարձյալ ՀՀԿ-ական Հմայակ Աբրահամյանի առաջադրման փաստը չի ողջունվել: Վերջինս ամենայն հավականությամբ չի առաջադրի իր թեկնածությունը` Խաչատուր Վարագյանին չխանգարելու համար: Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետը ևս մեծ շրջապատ ունի, նա Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի մոտ ընկերն է, իսկ Խաչատուր Վարագյանի հարցերը լուծում է Ղազախստանում բնակվող նրա միլիարդատեր եղբայրը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ