Զանգվածային լրատվական միջոցներից Վրաստանի Նինոծմինդայի շրջանում ներկայումս գործում է 1934թ.-ից հրատարակվող հայալեզու «Արշալույս» թերթը: Այս թերթը, խմբագիր Մանուկ Կարախանյանի աշխատանքի շնորհիվ, իր էջերում բարձրաձայնում է բնակչությանը հուզող բազմաբնույթ հարցեր: Թերթը տպագրում է թղթակցություններ, ակնարկներ, գրական ստեղծագործություններ, ջավախահայ ժամանակակից արվեստագետների գործեր:
Շրջանում գործում է նաեւ տեղական «Փարվանա» հեռուստաալիքը: Այն, իմ դիտարկումներով, մեծամասամբ շրջանցում է բնակչության համար կենսական նշանակություն ունեցող հասարակական, քաղաքական և տնտեսական հիմնախնդիրները:
Առանց արբանյակային հեռարձակման, շրջանի բնակչությունը հնարավորություն ունի դիտելու միայն 3 հեռուստաալիք` Վրացական 1, Հայաստանի առաջին ալիքը (Հ1), ռուսալեզու «ՊԻԿ» ալիքը, իսկ արբանյակային հեռարձակմամբ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ այստեղ հեռարձակվում են հարյուրավոր հեռուստաալիքներ, այդ թվում՝ հայկական բոլոր ալիքները: Այսպիսով երկրամասի բնակչությունը հնարավորություն ունի մայրենի լեզվով տեղեկատվություն ստանալու:
Վարդուհի Երանոսյան՝ (mynews.am)