Այս ամառվանից Երեւանի կենտրոնական փողոցների կարգն ու կանոնը ապահովում է ոստիկանության նոր պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները. տղամարդ ոստիկանների հետ միասին ծառայության են դուրս գալիս նաեւ կանայք: Ամրակազմ եւ միշտ բարյացակամ ոտիկանուհիները գտնվում են ինչպես երեւանցիների, այնպես էլ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում: Սպորտային պարերի Հայաստանի նախկին չեմպիոնուհի Արաքս Կարապետյանը արդեն չորս ամիս է, ինչ ծառայություն է իրականացնում Երեւանի փողոցներում: Նա ունի հոգեբանի մագիստրոսի կոչում, տիրապետում է նաեւ օտար լեզուների: Իր խոսքով` կարողանում է հեշտ լեզու գտնել նաեւ օրինախախտների հետ. «Միջազգային կազմակերպությունում աշխատել եմ հոգեբան: Երբ իմացա, որ ստեղծվում է հատուկ ջոկատ, որոշեցի անպայման ես էլ լինել այդտեղ: Եկել եմ ոստիականություն, քանի որ ցանկանում եմ ծառայել իմ հայրենիքին»,- ասում է Արաքսը:
Նորաստեղծ ոստիկականական գնդի կին ոստիկանները 12-ն են: Նրանք բոլորն էլ ունեն բարձրագույն կրթություն: Տղամարդ գործընկերները անկեղծանում են, որ կանանց գալով՝ իրենք զգում են կրկնակի պատասխանատվություն, ծառայությունն էլ հաճելի է դարձել:
«Սկզբում մենք վախ ունեինք, թե ինչպես կընդունեն մեզ: Ստացվեց այնպես, որ մեր զգուշացումները` ուղղված օրինախախտ քաղաքացիներին, ավելի ազդեցիկ է»,- ասում է կին ոստիկանը:
Նոր ոստիկանները այժմ հարյուրն են, սակայն ղեկավարությունը խոստացել է` եթե փորձը տա իր դրական արդյուքները, կազմը կմեծանա, կին ոստիկանների թիվն էլ կավելանա:
Արամ Արարատյան