Аravot.am-ը ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս, սպորտի վարպետ, ազգային կարգի մրցավար, վոլեյբոլի ՀՀ բազմակի չեմպիոն Գրիգորի Ամբարյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ինչպե°ս է մարզիչը գնահատում հայ մարզիկների՝ օլիմպիական ելույթների, մեղմ ասած, ոչ հաջող մեկնարկը: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Չէի ասի, որ պատճառը ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն էր: Բացի այդ մեկնարկն էր այդպիսին, հետո մեր մարզիկները հաջող հանդես եկան, նույնիսկ մեր երկու ըմբիշները ոսկե մեդալի էին հավակնում: Ուղղակի սպորտային բախտը չժպտաց»:
Մարզիչը կարծում է, որ հայ մարզիկների անհաջող ելույթներում ավելի մեծ ազդեցություն են ունեցել հոգեբանական խնդիրները և հավելում. «Ընդհանրապես մրցումների մեկնելիս, դրանց ընթացքում և մրցումներից հետո անհրաժեշտ է, որ մարզիկների հետ հոգեբաններ աշխատեն, ինչը մեր մարզիկների պարագայում չի եղել, համենայն դեպս դա երևում է լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունից: Մյուս կողմից էլ, օրինակ՝ Նորայր Վարդանյանն առաջին անգամ էր մասնակցում օլիմպիական խաղերին, ուստի երևի թե մեկնարկային հուզմունքը ևս իր հետևանքները թողեց»:
Մեր այն հարցին՝ արդյո°ք ճիշտ է, որ մեզանում երբեմն սպորտը քաղաքականացվում է, քանի որ ՀԱՕԿ նախագահը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, Գ. Ամբարյանն այսպես արձագանքեց. «Դա ճիշտ չէ, մյուս կողմից էլ համամիտ չեմ այն մտքին, թե սպորտը քաղաքականացվում է: ՀԱՕԿ-ի նախագահը կլինի ԲՀԿ-ից, ՀՀԿ-ից, թե «Ժառանգությունից», իմ կարծիքով՝ դա ոչ մի կապ չունի սպորտի հետ»:
Գ. Ամբարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի քննադատություններին և դրանց արձագանքներին: Մեր զրուցակիցը նշեց. «Նա այն մարդն է, ում խոսքը պետք է հարգել և ինչ ասել է, պետք է ընդունել, քանի որ Հայաստանում նրա պես մարզիկներ շատ քիչ կան: Նա իր մասնագիտական կարծիքն է հայտնել ու դրանից վրդովվել, կամ այն չհարգել` ես ճիշտ չեմ համարում: Իսկ որ նրա կարծիքը քաղաքականացնում են, դա աբսուրդ եմ համարում»:
Կարդացեք նաև
Գ.Ամբարյանի հետ զրույցում պարզվեց, որ հայկական մարզչական դպրոցը բազում խնդիրներ ունի: Մանրամասնելով` միջազգային կարգի մրցավարը նշեց. «Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը պատրաստում է մարզիչ-կադրեր, սակայն նրանց մեծամասնությունը մասնագիտությամբ չի աշխատում: Պատճառն այն է, որ մարզիչները ցածր են վարձատրվում, նրանց միջին աշխատավարձը 45 հազար դրամ է: Իսկ այդ գումարով հնարավոր չէ ընտանիք պահել: Իսկ եթե ֆինանսավորումը գոնե մի քիչ բարձրացնեն և Հայաստանում կրթված մարզիկներին վերապատրաստման ուղարկեն արտասահման, ապա արդյունքները տարիներ հետո նկատելի կլինեն»: Ըստ Գ. Ամբարյանի՝ այս ոլորտում երիտասարդական ջիղն է պակասում, սակայն հաճախ ոչ միշտ են երիտասարդ ու ավագ սերնդի ներկայացուցիչների կարծիքները համընկնում: Մարզիչը բացում է փակագծերը. «Հարգանքով վերաբերվելով ավագ սերնդի մեր գործընկերներին ու նրանց կարծիքին՝ միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ սպորտն այնքան արագ է զարգանում, որ նոր մոտեցումներ են պետք: Սակայն երբեմն երիտասարդներն այլ բան են ասում, տարեցներն՝ այլ»:
Եզրափակելով` Գ. Ամբարյանը նշեց, որ լավ կլիներ մեզանում քարոզվեին ոչ միայն հասարակության մեծ զանգվածների համակրանքը վայելող սպորտաձևերը, այլև նրանք, որոնք այսօր դուրս են մնում տեսադաշտից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ