«Առավոտի» հուլիսի 17-ի համարում՝ «Պիտանի է ճանաչվել ոչ շարային ծառայության համար», անդրադարձել էինք Նոր Նորքի զինկոմիսարիատից զորակոչված 18-ամյա Արմեն Հարությունյանի խնդրին:
Երկկողմանի ծնողազուրկ Ա. Հարությունյանը բժշկական քննություն էր անցել «Էրեբունի» եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցներում, որտեղ հայտնաբերվել են. երկկողմանի սին թաթեր, H-38 մմ, շարժումները ս/թ հոդերում ամբողջ ծավալով են, քայլքի աննշան խանգարումով, ողնաշարի կրծքագոտային հատվածի S-աձեւ աննշան սկոլիոզ, Կորբի շեղման անկյունը փոքր 7 աստիճանից, առանց ֆունկցիայի խանգարման, ունի ձախ ստորին վերջույթի վարիկոզ հիվանդություն՝ առանց արյան շրջանառության եւ ֆունկցիայի խանգարման, անգիոնեւրոզ, ինչպես նաեւ չափավոր նեյրոցիլկուլյատոր դիստոնիա սրտային ձեւ, սինուսային առիթմիա:
Արմեն Հարությունյանը ոչ պիտանի ճանաչվեց շարային ծառայության համար եւ ուղարկվեց զինծառայության: Չանցած 20 օր, նրա ոտքերը կապտել էին, քայլել չէր կարողանում:
Կարդացեք նաև
Արմենի խնամակալը դիմեց ՊՆ հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանին, ՊՆ Համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին:
Նա Գյումրիի զինվորական մասից տեղափոխվեց Կենտրոնական ռազմական հոսպիտալ, ուր նրան հետազոտեցին անոթաբանը, բժիշկները:
Այսօր Համակարգող խորհրդի ներկայացուցիչ/ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունից/ Ժորժետա Մեսրոպյանի հետ մեզ ընդունեց ռազմական հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը:
Բժիշկ Հակոբյանը ներկայացրեց զինվոր Արմեն Հարությունյանի առողջական վիճակը՝ խնամակալ Անժելա Հարությունյանի հարցերին պատասխանելով: Բժիշկները հավաստիացրին, որ Արմենի առողջական վիճակը գտնվելու է զորամասի բուժմասի եւ հրամանատարի հսկողության տակ:
Մենք հանդիպեցինք նաեւ Արմեն Հարությունյանին: