Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների հիմնադրամի փոխտնօրեն Ալեքսանդր Խաչունցը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք բազմիցս զբաղվել են գիտության ոլորտի առեւտրայնացման ծրագրերի մշակմամբ, բազմաթիվ workshop-եր ու սեմինարներ անցկացրել ու փորձել այդկերպ բարձրացնել գիտական հանրության հմտությունները: «Եթե Հայաստանը մոտակա 2-3 տարվա մեջ կտրուկ քայլեր չանի այս ուղղությամբ, սարսափելի հետ կմնանք առեւտրայնացման համաշխարհային գործընթացից»,- համոզված է պարոն Խաչունցը: Նա եւ մեզ հետ զրուցած մյուս գիտնականները, ովքեր ծանոթացել են «դրսի» փորձին, նշում են, որ վաղուց ժամանակն է՝ Հայաստանում ստեղծել տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակ, որտեղ դիմեն այն գիտնականները, ովքեր ունեն տեխնոլոգիա ու ցանկանում են շուկա հասցնել: Բոլոր քաղաքակիրթ երկրները, իսկ նախկին խորհրդային տարածքից՝ Բելառուսը, Ղազախստանը, անգամ մեր հարեւան Վրաստանը վաղուց ունեն նման կենտրոններ: Բայց դա բավարար չէ, հարկ է ոլորտը կարգավորել օրենսդրորեն: Ինչպես Արեւմուտքում, այնպես էլ Հայաստանում պետք է համալսարաններն էլ ունենան մտավոր սեփականության պաշտպանության իրենց քաղաքականությունը, հստակ մշակեն շահույթը կիսելու տարբերակները, միմյանց հետ հարաբերվելու որոշակի կանոնները: Գիտնականների համոզմամբ, նաեւ կրթական ոլորտի բարեփոխումների խնդիր կա: «Մենք Բոլոնյան համաձայնագիրը ստորագրեցինք, անցանք մագիստրատուրայի, ուր չգիտեն՝ ինչ դասավանդել: Արդյունքում՝ երկու տարվա փոխարեն ասում են՝ մեկ տարի սովորեք, մյուս տարին էլ ինչ-որ կիրառական բան կանեք: Այդպես երիտասարդները մեկ տարին տանն են նստում, վերջում գալիս-դիպլոմ են ստանում, իսկ դա ձեւ չէ: Երիտասարդներին ներգրավեք տրանսֆեր օֆիսների մեջ, թող աշխատեն, հմտություններ ձեռք բերեն»: Գիտնականի խոսքով, արտերկրում պետությունն է նպաստում, որ համալսարաններում զարգանան մասնավոր ընկերությունները, որպեսզի ուսանողներն ավարտելուց հետո կարողանան սեփական ընկերությունները ստեղծել՝ գիտական արդյունքների հիման վրա, իսկ Հայաստանում պետական մակարդակով չկա շահագրգռություն, մեկ-երկու անհատական նախաձեռնությամբ էլ համապետական խնդիր լուծել չի լինի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ