«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ եւ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ ընթանում են «Ճանաչիր Հայաստանի անտառները» խորագրով բնապահպանական սեմինար-արշավներ՝ երիտասարդության շրջանում Հայաստանի անտառների դերի եւ նշանակության մասին տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով:
Սեմինարները մասնակիցներին հնարավորություն են տալիս տեսական գիտելիքներ ստանալ անտառների կենսաբազմազանության, անտառային էկոհամակարգերի մասին, իսկ արշավների ընթացքում երիտասարդները մեկնում են մարզերի անտառային գոտիներ՝ մասնագետների աջակցությամբ բնաշխարհին տեղում ծանոթանալու համար: Aravot.am-ի հետ զրույցում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանն ասաց, որ արշավախմբերն արդեն այցելել են Հանքավանի եւ Ծաղկունյաց լեռնաշղթայի անտառներ. «Տեղում անտառներին ծանոթանալուց հետո մասնակիցներին տրվել են հարցաշարեր՝ ստուգելու համար ստացած գիտելիքների մակարդակը: Ի ուրախություն մեզ, նրանց տեղեկացվածության աստիճանը բարձր էր: Առհասարակ, արշավների ընթացքում հետաքրքրության պակաս չի լինում: Կենդանի կամ բույս տեսնելուց մասնակիցներն անմիջապես սկսում են հարցեր տալ»:
Արսեն Գասպարյանը նշեց, որ շուրջ 350 դիմորդից ընտրվել է 75 տարբեր մասնագիտություն ունեցող մասնակից՝ տնտեսագետ, իրավաբան, բնապահպան, կենսաբան: Արշավների ընթացքում մասնակիցներն առնչվել են ապօրինի ծառահատման եւ անտառների պահպանության խնդիրների հետ. «Այդ իսկ պատճառով արշավականներին սովորեցնում ենք անտառի հանդեպ ճիշտ վերաբերմունք: Օրինակ՝ բացատրում ենք, թե ինչ հետեւանք կարող է ունենալ ծխախոտը նետելը, կամ ինչ անել օձ տեսնելիս: Նմանատիպ միջոցառումները ճիշտ մոտեցում են ձեւավորում անտառների հանդեպ»:
Կարդացեք նաև
Արսեն Գասպարյանը հավելեց, որ առաջիկայում նախատեսվում է այցելել Դիլիջանի ազգային պարկ: