Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ծանրորդների ոդիսականը՝ Լոնդոնից առաջ եւ օլիմպիական խաղերում

Օգոստոս 09,2012 15:57

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի բացառիկ հարցազրույցը «Aravot.am»-ին, որը հրապարակում ենք հատվածաբար:

 Հայաստանի ծանրորդները Լոնդոնում ընդհանուր առմամբ չարդարացրին սպասելիքները: Նախ, նախաօլիմպիական վերջին ուսումնամարզական հավաքից մրցավայր չմեկնեց ոսկե մեդալի մեր գլխավոր հույսերից մեկը` 77 կգ քաշային Տիգրան Գ. Մարտիրոսյանը: Ապա, արդեն Լոնդոնում մեր երեք առաջատար ծանրորդներ` Առաքել Միրզոյանը, Մելինե Դալուզյանը, Արա Խաչատրյանը, որոնք նույնպես մեդալների իրական հավակնորդ էին, մեկը մյուսի ետեւից զրո ստացան: Այնուհետեւ, 94 կգ քաշային Նորայր Վարդանյանն իր բարձրացրած կիլոգրամներով շատ հեռու հանգրվանեց մրցանակային եռյակից: Եվ միայն ծանրամարտի մրցաշարի վերջին օրը 75+ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանն ընդգծված առաջատարներ Լուլու Զուի (Չինաստան) եւ Տատյանա Կաշիրինայի (Ռուսաստան) հետ անհավասար պայքարում բրոնզե մեդալ նվաճեց` երկամարտի ամբողջ 5 կիլոգրամով հաղթելով Պեկինի օլիմպիական խաղերի չեմպիոն, կորեացի Մի-Ռան Յանգին:

Լոնդոնից առաջ եւ օլիմպիական խաղերի ընթացքում, մեր ծանրորդների հետ կատարվածի մասին «Aravot.am»-ը զրուցել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ:

– Պարոն Խաչատրյան: Այս օլիմպիական խաղերը Հայաստանի ծանրորդների համար չէին: Անհաջողությունները մեր մարզիկներին հետապնդել սկսեցին դեռ Խաղերի մեկնարկից առաջ` վերջին ուսումնամարզական հավաքներում: Տիգրան Գ. Մարտիրոսյանն ինչո՞ւ չմեկնեց Լոնդոն:

– Միանգամից դիպաք ամենացավոտ տեղին: Տիգրանը գերազանց մարզավիճակում էր եւ օլիմպիական խաղեր մեկնելու էր միայն ու միայն հաղթելու համար: Սակայն Պոդոլսկում անցկացված հավաքի ավարտին, ավելի ստույգ` հուլիսի 17-ին, նա մարզման ժամանակ հրում վարժություն կատարելիս ցավեցրեց մեջքը: Անմիջապես նրան ստուգման տարանք Մոսկվայի վնասվածքաբանական մի քանի ճանաչված բուժկենտրոններ ու բոլորում էլ ախտորոշեցին, որ նրա նստելանյարդը բորբոքվել է եւ դրանից է, որ ցավը մեջքի հատվածում է զգացվում: Բարձրակարգ բժիշկները Տիգրանին մագնիսային մերսումներ եւ սրսկումներ նշանակեցին, որոնք պետք է շարունակվեին մինչեւ հուլիսի 28-ը ներառյալ: Դրա համար էլ նա եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը մնացին Պոդոլսկում, իսկ մյուսները մեկնեցին Լոնդոն: Այդ ընթացքում մենք մշտական կապի մեջ էինք պարոն Ալավերդյանի հետ: Մարզումային մերսումներից մի քանի օր անց Տիգրանն արդեն իրեն լավ էր զգում ու վերսկսել էր մարզումները, որպեսզի հուլիսի 29-ին ինքն էլ ժամանի Լոնդոն: Նա այդ ժամանակ բարձրացնում էր 165+195=360 կիլոգրամ: Սակայն հուլիսի 28-ի ցերեկը պարոն Ալավերդյանը զանգահարեց ու տեղեկացրեց, որ վնասվածքը կրկին սրացել է: Ահա այդպես, Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը չկարողացավ մասնակցել օլիմպիական խաղերին:

– Բայց ուսումնամարզական հավաքներում որպես պահեստային մշտապես ընդգրկված է եղել նաեւ Վանիկ Ավետիսյանը, որը լավ մարզավիճակում էր եւ նման դեպքերում պետք է փոխարիներ այս կամ այն պատճառով մրցահարթակ չմտնող թիմակցին:

– Այո: Եթե հիշում եք, Պեկինի օլիմպիական խաղերից առաջ, երբ Մելինե Դալուզյանը չմեկնեց Չինաստան, հանպատրաստից նրան փոխարինեցինք ոչ այնքան լավ մարզավիճակում գտնվող Հռիփսիմե Խուրշուդյանով ու նա չկարողացավ լուրջ պայքար մղել մրցակիցների հետ: Հենց այդ փորձն էլ հաշվի առնելով` այս անգամ հիմնական կազմի հետ բոլոր հավաքներին լիարժեք մասնակցել էր նաեւ Վանիկը: Սակայն, որքան էլ ցանկանում էինք, Տիգրանին փոխարինել այլեւս հնարավոր չէր: Բանն այն է, որ օլիմպիական խաղերի կանոնների պահանջով մենք պարտավոր էինք մինչեւ հուլիսի 28-ի առավոտյան ժամը 10:00-ն ներկայացնել մասնակիցների վերջնական անունները, քաշային կարգերը եւ բարձրացնելիք նախնական կիլոգրամները, որն արդեն արել էինք: Միայն դրանից հետո իմացանք, որ Տիգրանը չի կարող հանդես գալ եւ անուն փոխել, նոր հայտ ներկայացնել այլեւս հնարավոր չէր: Եթե իմանայինք մեկ օր առաջ, կհայտավորեինք Վանիկին եւ նրան շտապ կհասցնեինք մրցավայր: Շատ ցավալի ստացվեց: Եթե Տիգրանը Լոնդոնում լիներ, այդ կիլոգրամներին մեկական մոտեցումով առնվազն արծաթե մեդալ կունենար: Իսկ նա ունակ էր ավելիին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031