Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը պնդում է, որ Սերժ Թանկյանի՝ ի պաշտպանություն Թեղուտի ուղերձում նշված մտահոգությունների մի մասը իրականությանը չեն համապատասխանում:
«Սերժ Թանկյանը երբեւէ Թեղուտում չի եղել, նշանակում է նրան ինչ-որ մեկը Թեղուտի մասին ինֆորմացիա է տվել, ու չի բացառվում, որ այդ ինֆորմացիան թյուր ինֆորմացիա է եղել: Նրան ներկայացրել են ինֆորմացիան այնպես, ինչպես իրենց է ձեռնտու : Ռեալ ինֆորմացիային ավելի շատ մենք ենք տիրապետում՝ քան թե դրսից որեւէ մեկը»,- Aravot.am-ին ասաց Թեղուտի գյուղապետը: Ըստ նրա.«Ես նրան որպես արվեստագետ շատ եմ հարգում ու ընդունում, չի բացառվում, որ իրոք ամեն ինչին սրտացավությամբ է վերաբերվում: Բայց ամեն օր Թեղուտում եմ ու այնպես չէ, որ Թեղուտը հոշոտվում է , բնապահպանական ռիսկեր կան, մենք՝ առաջին հերթին թեղուտցիներս, հետամուտ ենք լինում, որ այդ ռիսկերը ինչքան հնարավոր է նվազեն: Եթե իրականում ռեալ վնասակար բան լինի մեզ՝ չենք լռի: Նրա ասածների մեջ կա նաեւ իրականություն, բայց, որ դա ամբողջությամբ իրականություն չէ, դա հաստատ: Անտառների պահով թվեր են ասում ՝ էսքան պիտի հատվի , նման բան չկա, ամեն ինչից լավ տեղեկացված եմ, այդ անտառն ի վերջո մեր համայնքային վարչական տարածքում է, այնպես չէ, որ կտրեն՝ մենք անտեղյակ կլինենք դրանից, ամեն ինչը մեր ու կառավարության հետ է համաձայնեցվում, եթե նրանց ներկայացրած թվերով ծառեր կտրվեն, մենք էլ դեմ կլինենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև