Չնայած առաջադրումներին մնացել է ընդամենը մեկ օր, սակայն Շիրակի մարզի երկրորդ քաղաքը`Արթիկը, քաղաքապետի պաշտոնի համար դեռ թեկնածուներ չունի: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Արթիկն ու հարակից գյուղերն ընդգրկող թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Իսկ թե ո՞ րն է այսպես հապաղելու պատճառը, մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հավանական թեկնածուները սպասում են երկրի նախագահի դաբրոյին. Ավելին՝ երեկ նախագահականում քննարկում է եղել այս թեմայով: Բանն այն է, որ Արթիկում պատրաստվում են մրցակցության դուրս գալ երկու ՀՀԿ-ականներ` նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանն ու գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը: Իհարկե նրանց հետ մրցելու ցանկություն ունի նաև հարկայինի նախկին աշխատակից, դաշնակցական Մեսրոպ Բզնունին, ով Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանի խնամին է: Նախագահականում ըստ էության քննարկվել է ՀՀԿ-ական երկու թեկնածուների հարցը, արթիկցիների պնդմամբ, ԲՀԿ-ն ևս նախկին քաղաքապետի կողմնակիցն է, ով ԱԺ ընտրությունների ժամանակ սատարել է մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին:Վերջինս կարողացավ հաղթել Արթիկի քաղաքապետի եղբորը` 10 տարվա պատգամավոր Մխիթար Վարագյանին :Ըստ մեր աղբյուրների, նախագահականում հարցը կարծես լուծվել է օգուտ գործող քաղաքապետի` Խաչատուր Վարագյանի, որի՝ Ղազախստանում բնակվող օլիգարխ եղբայրը մեծ ծանոթություններ ունի Հայաստանում և կարողացել է բանակցել հօգուտ եղբոր: Իսկ սա նշանակում է, որ ԲՀԿ-ի համակրանքը շահող ՀՀԿ-ական մյուս արթիկցին` նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը, պարզապես չպիտի առաջադրի իր թեկնածությունը, այլապես նա կասկածի տակ կդնի գործող քաղաքապետ Խաչատուր Վրագյանի վերընտրվելու հավանականությունը:Շիրակի մարզպետարանի աշխատակիցների բնութագրմամբ, նա ևս հզոր կապեր ունեցող տղամարդ է, և Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի մոտ ընկերն է: Մեր աղբյուրների ասելով, սցենարը մոտավորապես երեկ գծագրվել է նախագահականում, Խաչատուր Վարագյանը սպասում է վերջնական հաստատմանը, որ գնա ու առաջադրի իր թեկնածությունը: Մենք այս հարցի շուրջ փորձեցինք զրուցել նաև Արթիկի քաղաքապետ պարոն Վարագյանի հետ,ով տեղեկացրեց, որ ինքն անպայման առաջադրվելու է, և 15 րոպեից իր գործերը կներկայացնի հանձնաժողով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ