Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրից Հայաստան մասնավոր տրանսֆերտների աճի տեմպերը նվազում են

Օգոստոս 09,2012 14:45

«Արտերկրից Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների աճի տեմպերը նվազում են», – պնդում է բրիտանական Economist հանդեսը:

Հեղինակավոր պարբերականի վերլուծական բաժնի մասնագետները նշում են, որ արտերկրում աշխատող հայաստանցիների` հայրենիք ուղարկած գումարների ծավալի աճը 2011 թվականի հունվարից անշեղորեն նվազում է եւ այս տարվա ապրիլին հասել է 2 տոկոս ցուցանիշի:

Economist-ի վերլուծաբանները արձանագրում են, որ Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների մեծ մասը Ռուսաստանից է, եւ աճի տեմպերի նվազման այս միտումը նախեւառաջ ռուսական տնտեսությունում առկա անկայունության արդյունք է:

Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների նախաճգնաժամային անկումը հնարավոր եղավ հաղթահարել 2010-ի սկզբին: «Ողջ 2010 թվականի ընթացքում Հայաստան եկող գումարների ծավալն աճում էր, մոտ մեկ տարի առաջ, սակայն, այս դինամիկան սկսեց դանդաղել», – նշում են Economist-ի վերլուծաբանները:

Ուշագրավ է, որ բրիտանացի մասնագետների այս զեկույցը հրապարակվեց նույն օրը, երբ Մոսկվայում Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խոսում էր Ռուսաստանից Հայաստան ուղարկվող զգալի գումարների եւ դրանց` Հայաստանի տնտեսության վրա ունեցած բարերար ազդեցության մասին:

«Հայաստանի քաղաքացիների մի զգալի մասը, որ ապրում է Ռուսաստանում, տարեկան մոտ մեկ միլիարդ դոլար է ուղարկում հայրենիքում գտնվող ընտանիքներին: Դա  բավական լուրջ աջակցություն է Հայաստանի, երկրի քաղաքացիների համար», – նշում էր Պուտինը:

Economist-ի մասնագետները, ի դեպ, նշում են, որ հենց Վլադիմիր Պուտինի նախկինում արված մի շարք հայտարարությունները կարող են հանգեցնել մասնավոր տրանսֆերտների ծավալի հետագա նվազմանը: Խոսքը, մասնավորաբար, Ռուսաստանի նախագահի հունիսին հնչեցրած հայտարարության մասին է, որով նա կոչ էր անում խստացնել միգրացիոն քաղաքականությունը։

«Պուտինը նշել էր, որ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները պետք է պատրաստ լինեն արդեն 2012-ի նոյեմբերին: Չի բացառվում, իհարկե, որ սա զուտ ներքին սպառման համար արված հայտարարություն էր եւ այն երբեք կյանքի չկոչվի, հատկապես եթե ռուսական բիզնեսը շարունակի աշխատուժի պակաս զգալ: Մյուս կողմից, սակայն, եթե այդ խստացումները ներմուծվեն, ապա դա կսահմանափակի հետխորհրդային տարածքի այն պետությունների ֆինանսական կարողությունները, որոնք զուրկ են էներգակիրների պաշարներից», – նշում է Economist-ի վերլուծական բաժինը` արձանագրելով, որ այդ հանրապետությունները չորսն են` Հայաստանը, Վրաստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը:

Գեւորգ Ստամբոլցյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031