Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է իրականում պաշտպանում Ռուսաստանի շահերը Թբիլիսիում»

Օգոստոս 09,2012 14:40

«Չորս տարի առաջ Վրաստանի ու Ռուսաստանի միջև կարճատև, սակայն նշանակալից պատերազմ է տեղի ունեցել»

«Չորս տարի առաջ Վրաստանի ու Ռուսաստանի միջև կարճատև, սակայն նշանակալից պատերազմ է տեղի ունեցել: Վրաստանը մեկ շաբաթից պակաս ժամկետում պարտություն է կրել, իսկ նույն ժամանակահատվածում Ռուսաստանն ամրապնդել է իր վերահսկողությունը Աբխազիայի և Հարավայի Օսիայի՝ աշխարհի պետությունների մեծամասնության կողմից, ներառյալ Միացյալ Նահանգները, որպես Վրաստանի մաս ճանաչվող տարածքների նկատմամբ: Չնայած պատերազմը տևել է մեկ շաբաթից պակաս ժամանակ, սակայն այն չափազանց կարևոր է մնում Վրաստանի ներքին քաղաքականության, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև հարաբերությունների համար: Մոտենում է Վրաստանում մի շարք ընտրությունների ժամանակը՝ 2012 թվականին կանցկացվեն խորհրդարանական, 2013-ին՝ նախագահական ընտրությունները, որոնք զգալի ազդեցություն կունենան ոչ միայն երկրի ապագայի, այլև երկարատև ազդեցություն՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի դերի և դիրքի վրա: Այս ընտրությունների վրա նույնպես զգալի ազդեցություն կգործի 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը»:

Այս մասին ասված է «Հաֆինգթոն Փոստ» համացանցային պարբերականի բլոգում Կոլումբիայի համալսարանի Ռուսաստանի, Եվրասիայի և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությամբ զբաղվող Հերիման ինստիտուտի գիտաշխատող Լինքոլն Միթչելի կողմից հրապարակված վերլուծական հոդվածը:

Միթչելը նշում է, որ պատերազմին հաջորդած տարիներին Վրաստանի կառավարությունը կորցրել է որպես եվրոպական ոճի ժողովրդավարություն կառուցելու ջանքեր գործադրող դեմոկրատների իր համբավը: «Փոխարենը նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարությունը վերածվել է ևս մեկ կիսաավտորիտար վարչակարգի, որը հիմնվում է կամայականության սկզբունքով մշակված և ընդունված օրենքների վրա, ճնշում է գործադրում մամուլի վրա, ահաբեկում և խոշտանգումներ իրականացնում քաղաքական ընդդիմության նկատմամբ՝ այս ամենն իշխանությունը ձեռքից բաց չթողնելու նպատակով»:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արևմուտքը տեղյակ է ժողովրդավարություն կառուցելով գործում Վրաստանի թերություններին», – գրում է Միթչելը, — «այս երկրի իշխանությունները փոփոխություն են մտցրել իրենց մարտավարության մեջ ՝ ավելի քիչ կենտրոնանալով Արևմուտքին իրենց որպես ժողովրդավարության ջատագով, և ավելի շատ՝ որպես տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությանը խոչընդոտող հենակետ ներկայացնելու վրա», – ասում է հետազոտողը՝ հիշեցնելով, որ մակերևութային հայաց գցելով՝ որպես հակառուսական ուժի Սահակաշվիլի համբավը շատ ուժեղ է:

«Սահակաշվիլին անդադար ասում է, թե ցանկանում է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնա, Վրաստանի կառավարության հռետարաբանությունը մշտապես հակառուսական է, Վրաստանի կառավարությունը մեկնարկել է Աբխազիան և Հարավային Օսիան այլ պետություններում, ներառյալ ԱՄՆ-ում, որպես «օկուպացված տարածքներ» անվանելու արշավ՝ այս գործում հասնելով որոշակի հաջողությունների, և օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ Ռուսաստանի գործողությունները դատապարտելու համար: Բացի այդ, հռետորաբանությունը հիմնականում համապատասխանում է իրականությանը: Ռուսաստանը լուրջ և շատ մեծ վտանգ է ներկայացնում  Վրաստանի համար: Աբխազիան և Հյուսիսային Օսիան ըստ էության Ռուսաստանի դե ֆակտո գաղութներն են: Նախկին Խորհրդային Միության տարածքում Ռուսաստանի հավակնությունը պետք է բավականին լուրջ ընդունել», – գրում է հեղինակը:

«Չնայած Սահակաշվիլիի հռետորաբանությունը վկայում է հստակ հակառուսական դիրքորոշման մասին, այնուամենայնիվ Վրաստանի կառավարությունն ըստ արդյունքների, այլ ոչ թե ըստ հռետորաբանության գնահատելու դեպքում մեկ այլ պատկեր է ձևավորվում», – գրում է հեղինակը: – «Անկախ իր մտադրություններից, Վրաստանի կառավարության գործունեությունը բերել է այնպիսի արդյունքների, որոնք հստակորեն համապատասխանում են տարածաշրջանում Ռուսաստանի շահերին: Սահակաշվիլիի ու իր կառավարության ութ տարվանից մի փոքր ավելի տևող պաշտոնավարման ընթացքում Ռուսաստանին է անցել երկրի տարածքի մոտ 20 տոկոսը, և իրավիճակը նույնն է մնալու կանխատեսելի ապագայում, ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում Վրաստանի անդամակցության հավակնությունն անիրագործելի երազանք է դարձել, Վրաստանում տնտեսական տեսակետից դժվարին ժամանակներ են եկել, երկրում գործազրկություն է տիրում, և գալիք մի քանի տարվա ընթացքում լուրջ խնդիր կդառնա արտաքին պարտքը»:

«Հաջորդ անգամ, երբ Սահակաշվիլին Արևմուտքին ասի, որ Ռուսաստանն իր ամենամեծ թշնամին է, Արևմուտքի պետությունների խելամիտ քաղաքագետները պետք է իրենք իրենց հարց տան. ունենալով Սահակաշվիլիի նման թշնամիներ, արդյո՞ք Ռուսաստանին բարեկամներ են պետք», – պնդում է հեղինակը:
«Եթե խոսենք ավելի լուրջ, ապա Միացյալ Նահանգները պետք է խուսափի Վրաստանի կառավարության միայն հակառուսական հռետորաբանությամբ գայթակղվելուց և ավելի սթափ մտածի այն մասին, թե ինչ նվաճումներ է ունեցել Ռուսաստանը Վրաստանում Սահակաշվիլիի իշխանավարության օրոք, և թե ինչպիսի օգուտ հնարավոր կլինի քաղել Վրաստանի, իշխող վարչակազմի, արդար ընտրությունների և այս երկրում ժողովրդավարության նկատմամբ այլ մոտեցումներ կիրառելուց», – եզրափակում է իր հոդվածը Կոլումբիայի համալսարանի Ռուսաստանի, Եվրասիայի և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությամբ զբաղվող Հերիման ինստիտուտի գիտաշխատող Լինքոլն Միթչելը:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031