Լրահոս
Օրվա լրահոսը

Դամասկոսի և Հալեպի հայ երեխաները կգան Հայաստան. կառավարությունը մասնավոր հատվածի աջակցությամբ հոգում է նրանց տեղափոխման և հանգստի կազմակերպման ծախսերը

Օգոստոս 09,2012 14:24

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Այսօրվա մեր օրակարգային հարցերը կսկսենք Վաչե Տերտերյանի հարցերից, որովհետև նա պետք է զբաղվի սիրիահայ երեխաների ընդունման գործով։ Այսօր մեր առաջին ինքնաթիռն ենք ուղարկել Դամասկոս, որտեղից մենք շուրջ 120 երեխա հրավիրել ենք Հայաստան, որպեսզի կազմակերպենք նրանց ամառային հանգիստը մեր ճամբարում։ Կառավարության նախորդ նիստի օրակարգում ընդգրկված էր այս հարցը, մենք պետական բյուջեից հատկացրեցինք միջոցներ։ Երևի ճիշտ կլինի, պարոն Տերտերյան, հենց այս հարցից էլ սկսենք, տեսնենք` ինչպիսին է իրավիճակը, ինչ կազմակերպչական հարցեր եք լուծել, որ այսօր կարողանանք ընդունել երեխաներին։

 ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ժամը 10։30-ին արդեն հայկական ավիաուղիների` «Արմավիայի» ինքնաթիռը մեկնեց Դամասկոս։ Վերադարձի հաշվարկային ժամանակը 14։30-15։00-ն է։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա այդ ժամին ինքնաթիռը Երևանում վայրէջք կկատարի, և ժամը 16։00-17։00-ի կողմերն արդեն երեխաներին տեղավորած կլինենք ճամբարներում և Ձեզ կզեկուցենք։ Աշխատանքներն ընդհանուր առմամբ  Ձեր հանձնարարությամբ կատարված են, ճամբարը պատրաստ է երեխաներին ընդունել, համապատասխան նախարարությունները, մասնավորապես, առողջապահության, սփյուռքի նախարարությունները, ոստիկանությունը և հատկապես արտաքին գործերի նախարարությունն իրենց մասով բոլոր աշխատանքները կատարել են։ Ղեկավարության կողմից հանձնարարականներ են տրված, մենք փոքր աշխատանքային խումբ ենք ձևավորել, որոնք ինձ հետ կապի մեջ են, և օպերատիվ բոլոր հարցերը կլուծենք։ Կոտայքի մարզպետարանը նույնպես ապահովելու է առողջապահական ծառայություններ մարզում, իսկ առողջապահության նախարարությունն է դիմավորում և մինչև ճամբարներ տեղափոխում երեխաներին։ Երևանի քաղաքապետարանը մեծ օժանդակություն է ցույց տվել տրանսպորտային միջոցներ հատկացնելու առումով։ Սիրիայի դեսպանն է տեղեկացված և ցանկություն է հայտնել անձամբ դիմավորել երեխաներին։ Օդանավակայանում կլինենք սփյուռքի և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների հետ, մնացած ծառայությունները, բնականաբար, կլինեն մեզ հետ։ Ամեն ինչ այս պահի դրությամբ նորմալ է, ցուցակներն արտաքին գործերի նախարարության խողովակներով հաստատված են։ Դամասկոսում մեր դեսպանատան և դիվանագիտական կառույցների, ինչպես նաև տեղի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մշտական կապ կա. նրանք հիմա արդեն օդանավակայանում են և սպասում են ինքնաթիռին, որպեսզի կազմակերպված ձևով նրանց ճանապարհեն դեպի Երևան, մենք էլ ընդունենք։

ՀՀ վարչապետ Տիգրան ՍարգսյանՇատ լավ։ Պետք է նաև շնորհակալություն հայտնենք մասնավոր հատվածին, քանի որ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում է իրականացվում այս ծրագիրը։ Մենք մտադիր ենք ևս երկու ինքնաթիռ ուղարկել Սիրիա, և այս անգամ արդեն Հալեպից շուրջ 300 երեխա նույնպես պետք է տեղափոխենք Հայաստան, որպեսզի կազմակերպենք նրանց հանգիստը։ Դրա մասին էլ, բնականաբար, հանրությանը տեղյակ կպահենք։ Դա պայմանավորված է բազմաթիվ խնդիրներով, և մենք օպերատիվ կարգավորում ենք դրանք։ Այս պահի դրությամբ պետք է շնորհակալություն հայտնենք  «Պրոմեթեյ» բանկին առաջին չվերթի ֆինանսավորումն իր վրա վերցնելու համար։ Երկրորդ չվերթը, երբ կազմակերպենք, հանրությանը տեղյակ կպահենք` ովքեր են ֆինանսավորում պետության հետ համատեղ։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031