ՀՀ կառավարությունը մտադիր է կարգավորել բավականին լայն տարածում գտած՝ գիշերային ժամերին հրավառությունների կազմակերպումը: Այդ նպատակով կառավարության օգոստոսի 9-ի նիստի օրակարգում ընդգրկվել է «Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու թույլատրելի բացառությունները սահմանելու մասին» որոշման նախագիծը:
Ըստ «Փաստինֆոյի», նախագծով ՀՀ ոստիկանությունն առաջարկում է հիշյալ արտադրատեսակների օգտագործմամբ հրավառություն կազմակերպելու իրավունք վերապահել ՀՀ պետական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքով սահմանված տոն օրերին՝ ժամը 23.00-ից մինչեւ հաջորդ օրվա ժամը 01. 00-ը:
Ամանորի կապակցությամբ՝ դեկտեմբերի 31-ի ժամը 23. 00-ից մինչեւ հաջորդ օրվա ժամը 01.00-ը, հրավառություն կկարողանան կազմակերպել նաեւ քաղաքացիները:
Հեղինակների հիմնավորմամբ, որոշման նախագիծը նախապատրաստվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի (Լռությունը խախտելը) կիրարկումն ապահովելու նպատակով:
Համաձայն վերոհիշյալ հոդվածի՝ մասնավորապես, գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչեւ 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի՝ 100 հազար դրամի չափով:
Արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200 հազար դրամի չափով:
«Առավոտ» օրաթերթ