Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեջրագործ Սամվելը մնաց Գիզիրյանի ֆինանսիստի հույսի՞ն

Օգոստոս 09,2012 13:54

Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար կռիվ կտան ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ու դաշնակ Հովսեփը

Հովսեփ Սիմոնյանը (աջից) ԿԸՀ հանձնաժողովում առաջադրման փաստաթղթերն է ներկայացնում:

Ամենակոլորիտային քաղաքի ամենակոլորիտով քաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանը, շարունակում է սթրեսի մեջ պահել գյումրեցիներին. նա թեեւ իր թեկնածությունը դեռ չի առաջադրել Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար, սակայն դիմում է ներկայացրել Ոստիկանության վիզաների ու անձնագրերի վարչություն, որպեսզի առաջադրման համար տեղեկանք վերցնի: Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ այս պահի դրությամբ քաղաքապետ դառնալու ցանկություն պաշտոնապես հայտնել է երկու հոգի՝ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ու ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը: «Առավոտն» այսօր Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ի վիճակի՞ է պայքարել այնպիսի մեկի հետ, ով իր ձեռքին ունի երկրի նախագահի «դաբրոն»: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը առաջադրվեց Բաղրամյան 26 հասցե կատարած այցից հետո:

Հովսեփ Սիմոնյանի խոսքով՝ «Ես մի բան եմ կարող ասել, ես ինքս շատ հայրենասեր անձնավորություն եմ, միշտ մտածել եմ, որ միջազգային արենաներում, երբ որ մենք խոսել ենք սեփական ժողովրդի իրավունքների մասին, խոսքը նաեւ Արցախի ժողովրդի մասին է, մենք միշտ պնդում ենք, ասում ենք՝ մեր Արցախի ժողովուրդը ինքը պետք է ինքնուրույն որոշի իր ճակատագիրը, եւ միշտ ինչ-որ մի ձեւով դժգոհում ենք, երբ որ միջազգային կազմակերպությունները, հզոր պետությունները ինչ-որ ձեւով ճնշումներ են գործադրում մեր ժողովրդի որոշման վրա: Երբ որ դա մեր դուրը չի գալիս, ես գտնում եմ, որ սովորական ժողովրդի նկատմամբ էդ նույն բանը մենք չպետք է անենք, թեկուզ թույլ տանք՝ մի փոքրիկ քաղաք թող ինքը որոշի՝ ում է տեսնում քաղաքապետ, ում՝ չի տեսնում: Եթե ինչ-որ մի բան ուրիշի կողմից մենք չենք ընդունում, ես գտնում եմ, որ այդ նույն արարքը չպետք է կատարենք սեփական ժողովրդի գլխին, թեեւ վստահ եմ, որ ով ինչ ուզում է որոշի, ժողովուրդը ինքը վերջնական իր խոսքը պետք է ասի: Գյումրի քաղաքը լավ գիտենալով հանդերձ՝ ասում եմ, այս քաղաքը ի վիճակի է վերջին պահին իր մեջ ուժ գտնել եւ իր խոսքը ասել»: Իսկ Հովսեփ Սիմոնյանի անմիջական ղեկավարը՝ մարզպետ Աշոտ Գիզիրյանը, ինչպե՞ս է արձագանքել իր աշխատակցի՝ քաղաքապետ դառնալու ցանկությանը. չէ՞ որ մարզպետը եւս ուզի, թե չուզի՝ սատարելու է Սամվել Բալասանյանին: ՀՀԿ-ն Գալուստ Սահակյանի բերանով արդեն իսկ հաստատել է ԲՀԿ-ական թեկնածուին սատարելու որոշումը: Մեր այս հարցին այդպես էլ հստակ պատասխան չստացանք: «Որեւէ խնդիր չկա իմ առաջադրվելու հետ կապված, ես որեւէ օրենք չեմ խախտել՝ առաջադրվելով, չեմ ակնկալում երբեւիցե, որ իշխանությունները ինձ պետք է սատարեն, դա իմ կողմից կլինի միամտություն, ուղղակի իրեն պետք է հարցնեք, թե ինքը ո՞նց է ընդունում: Ես գիտեմ, որ իմ նկատմամբ որեւէ վերաբերմունք չկա»,- այսպիսի խուսափողական պատասխան տվեց մարզպետարանի պաշտոնյան:

Մեր այն հարցին էլ՝ Դուք պարոն Գիզիրյանին չե՞ք տեսել, չե՞ք խոսել այս թեմայով, ՀՅԴ-ական թեկնածուն ասաց. «Իհարկե, մարզպետի հետ հանդիպում եղել է, բնական է, եթե ես գալիս եմ առաջադրվելու, ցանկացած դեպքում միասին աշխատող մարդիկ ենք, եւ բնական է՝ տեղյակ պետք է լինեն մարդիկ, ինչքանո՞վ է հաճելի որեւէ մեկին, որ ինքը հեռուստատեսությունից տեղեկանա, որ իր աշխատակիցը՝ անկախ նրանից, որ ես դաշնակցական եմ, թեկնածություն է առաջադրում: Ես համարում եմ, որ դա էթիկայի խնդիր է ուղղակի, ինչ մնում է առաջադրվել-չառաջադրվելուն, ես ձեզ ասում եմ՝ ես կուսակցական եմ, որեւէ աշխատանք չի կարող ինձ կաշկանդել՝ առաջադրվելու կամ չառաջադրվելու: Ես կարող եմ ձեզ բոլորիդ վստահեցնել, որ ցանկացած պահի կարող եմ այդ աշխատանքը թողնել: Այդ աշխատանքը չի կարող ազդել կուսակցության որոշման կամ ինձ վրա՝ որպես անձի, հավատացեք, ես այդ անձը չեմ»,- պարզաբանեց դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031