Օգոստոսի 7-ին Արտակ Նազարյանը կդառնար 33 տարեկան: Նրա ծննդյան օրը դատական նիստ չկայացավ: Օգոստոսի 8-ին տեղի ունեցած դատական նիստում տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի միջնորդությամբ շարունակվեցին հրապարակվել քրեական գործի ապացույցները: Դատարանում ցուցադրվեց տեսանյութ՝ քննիչ Լեւոն Պետրոսյանի կողմից նշանակված փորձարարության վերաբերյալ, երբ 3 զինվորներ գետնատնակից բարձրանում են ժայռի մոտ, որտեղ իբր ինքնասպան է եղել Արտակ Նազարյանը: Փորձարարությանը մասնակցած զինվորներն այդ տարածությունը հաղթահարել են 4,5-5 րոպեում: Ծովինար Նազարյանն ասաց, որ այդ քննչական փորձարարությունը էական նշանակություն չունի,այն անցկացվել է բոլորովին այլ հանգամանքներում: Համաձայն մեղադրական եզրակացության` Արտակ Նազարյանն ինքնասպանություն կատարելու նպատակով ժառյաբեկորի մոտ է բարձրացել առավոտյան, իսկ փորձարարությունը կայացել է ցերեկը, բացի այդ` Արտակ Նազարյանը եղել է առանց զրահաբաճկոնի, իսկ զինվորները փորձարարությանը մասնակցել են զինվորական լրիվ հանդերձանքով: Ծովինար Նազարյանը «Առավոտի» թղթակցին ասաց.
«Արտակն այդ աստիճան ծեծված, ջարդված վիճակում ոչ 5, ոչ 10 րոպեում, ոչ էլ մեկ ժամում չէր կարող բարձրանալ ժայռաբեկորի մոտ»: Դատական փորձագետները Ա. Նազարյանի մարմնի վրա ընդհանուր առմամբ 54 տարբեր վնասվածքներ են հայտնաբերել: Մեղադրական եզրակացությամբ, դատական նիստերի ընթացքում այդպես էլ պարզ չէ դարձել, թե ինչպես են այդ վնասվածքները պատճառվել: Օգոստոսի 8-ի նիստում գործով ապացույցների հրապարակման ավարտից հետո դատարանում ցուցմունք տվեց տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը: Նա կշարունակի ցուցմունք տալ հաջորդ նիստում, որը կկայանա օգոստոսի 14-ին:
Կարդացեք նաև
Ոսկան Սարգսյան