Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խնդրում եմ չկպցնել որեւէ պիտակ

Օգոստոս 09,2012 13:40

Սիրիահայ երեխաներն ավագ դպրոցում չպետք է զգան «Մերը սա է, ոնց ուզում եք հարմարվեք» հայկական վերաբերմունքը:

Լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, որ Երեւանի երեք ավագ դպրոցներ պատրաստվում են ընդունել սիրիահայ դպրոցականների, որոնց ընտանիքները հայրենադարձվել կամ հայրենադարձվելու են: Ինչո՞ւ հենց այդ դպրոցները, արդյոք նրանք պատրա՞ստ են լուծելու, օրինակ, լեզվի տարբերության խնդիրը: Որքան տեղյակ եմ, մեր դպրոցներն իրենց բովանդակությամբ այսօր պատրաստ չեն ընդունելու այդ երեխաներին, որովհետեւ նախ՝ նրանք խոսում են արեւմտահայերեն եւ նրանց հետ պետք է աշխատել տարբեր բառապաշարով, երկրորդ՝ տարբեր է մեր ու նրանց կրթական միջավայրը, որը մեկ օրում որեւէ մեկի հրամանով չի կարող փոխվել, իսկ մենք չենք կարող հայտարարել՝ «Մերը սա է, ոնց ուզում եք հարմարվեք»: Այստեղ է, որ հերթական անգամ պետք է արձանագրենք, թե որքան ներառական չէ մեր հասարակությունը՝ ճիշտ այնպես, ինչպես առաջին հայրենադարձության տարիներին՝ 1946-1950 թվականներին, երբ հայրենիքում մեր հայրենակիցներին կպցրեցին «ախպար» ածականը, ու նրանք էլ առաջին հնարավորության դեպքում փախան Հայաստանից այն երկիր, որտեղ իրենց համար կազմակերպվեցին լեզու սովորելու անվճար դասընթացներ, իսկ երեխաների կրթությունը կազմակերպվեց տեղի բոլոր երեխաների հետ միասին՝ ներառական սկզբունքով: Ու հետո զարմանում ենք՝ թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս են մեր հայրենակիցներն այդքան արագ ինտեգրվում այլ երկրներում: Ներառման գաղափարախոսությունը հատկապես հայերս, ունենալով մեծ սփյուռք, շատ պիտի կարեւորենք, որովհետեւ հայրենադարձությունն աշխարհաքաղաքական ներկա իրավիճակներում կարող է անընդհատ լինել, եւ թե՛ մեր կրթության ոլորտը, թե՛ հասարակությունը պետք է պատրաստ լինեն դրան, որովհետեւ ներառական հասարակությունը ունենում է հանդուրժողականության բարձր աստիճան՝ գումարած պետության կողմից մարդու իրավունքների իրացման ուղղությամբ տարբեր պարտավորությունների կատարման երաշխիքները, սա նույնպես քաղաքական լուրջ խնդիր է:

Մեկ այլ խնդիր եւս. ի՞նչ պիտի անեն ծնողները հայրենիքում, եթե այդ երեխաներին տարբեր պատճառներով հարմար չլինի գնալ հենց այդ որոշված դպրոցները: Այս խնդիրը հեշտությամբ կլուծվեր, եթե մենք արդեն ունենայինք հանրակրթությունը համընդհանուր ներառական սկզբունքի վրա դնելու մասին հռչակող օրենքը, որը թույլ կտար ցանկացած դպրոցի ունենալ թե անհրաժեշտ մասնագետներ, թե միջոցներ՝ նրանց ներառումը կազմակերպելու համար: Նշեմ, որ այդ օրենքի նախագիծն արդեն Ազգային ժողովում է, եւ հույս ունեմ, որ աշնանային նստաշրջանում այն արդեն կդրվի քննարկման, եւ հնարավորինս բաց ու արդյունավետ հրապարակային քննարկումների շնորհիվ կունենանք «Հանրակրթության մասին» ՀՀ նոր օրենք՝ հիմնված համընդհանուր ներառական սկզբունքի վրա, որն է՝ բոլոր սովորողների կարիքների բազմազանությունը հաշվի առնելով՝ կրթության գործընթացի մեջ նրանց մասնակցությունն ավելացնել եւ բացառել որեւէ երեխայի դուրս մնալը կրթական համակարգից: Այսինքն՝ անկախ երեխայի մտավոր եւ ֆիզիկական հնարավորություններից, տվյալ դեպքում՝ լեզվից, յուրաքանչյուր դպրոց պետք է կարողանա գնահատել յուրաքանչյուր երեխայի կրթական կարիքը եւ կրթությունը կազմակերպել այնպիսի մեթոդներով, որոնցով բավարարվեն նրանց կրթական կարիքները:

Իսկ մենք ներառական կրթություն ասելով, լավագույն դեպքում, դեռեւս հասկանում ենք այն դպրոցը, որը լուծում է միայն հաշմանդամ երեխաներին դպրոց բերելու եւ նրանց կրթությունը կազմակերպելու խնդիրը: Այնինչ ահա մի վիճակ է ստեղծվելու վերոնշյալ ավագ դպրոցներում, որտեղ հաճախելու են ոչ հաշմանդամ, բայց իրենց լեզվով, մշակույթով տարբեր հայ երեխաներ, իսկ դպրոցում չեն իմանալու, թե ինչպես կազմակերպել նրանց կրթությունը, ինչից սկսել: Ակնհայտ է, որքան մեր հասարակության յուրաքանչյուր անդամի համար բարձր լինի կրթության մեջ հավասարապես ներառվելու հնարավորությունը, այնքան հանդուրժող կլինի հասարակությունն ու որակյալ՝ կրթությունը: Էլ չեմ ասում, թե Հայրենիքում որքան իրենց պաշտպանված ու ապահով կզգան մեր հայրենակիցները:

Մենք պարտավոր ենք վերանայել մեր հասարակական հարաբերությունները եւ ոչ միայն դրանք:

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031