Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմանդոսին ներքաշում են «հակապետական գործունեության» մե՞ջ

Օգոստոս 09,2012 13:37

Շուշիի ազատագրման գործողությունների հետ կապված՝ «նախագահականի համապատասխան մարմինները» հետաքննություն են արել:

«Իր որդեգրած արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը ԼՂՀ հարցով ունի չեզոք դիրքորոշում, եւ այն ամենը, ինչ տեղի է ունեցել ու տեղի է ունենում ԼՂՀ տարածքում, դա միայն ԼՂ Հանրապետության գործն է: Յուրաքանչյուր փորձ՝ Հայաստանը ներքաշել՝ շեղելով իր վերցրած գծից, կարելի է դիտարկել որպես հակապետական գործունեություն: Ես համոզված եմ, որ Արկադի Տեր-Թադեւոսյանի վերջին հայտարարությունը բխում է վերը նշված դրույթից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՅԴ մարտական պատասխանատուի տեղակալ, նախկին կուսակցական, Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից Արամ Մանուչարյանը՝ անդրադառնալով վերջերս կրկին ակտիվացած այն խոսակցություններին, որ Շուշիի ազատագրման գործողություններին ՀՀ առաջին նախագահն անտեղյակ է եղել, դա նրանից գաղտնի է արվել, քանզի նա դեմ էր Շուշիի ազատագրմանը: Հայաստանյան քաղաքական դաշտում ժամանակ առ ժամանակ այս հարցը շրջանառվում է՝ կախված ինչ-ինչ հանգամանքներից: Վերջերս այն նորից նետվեց դաշտ՝ առանց, այսպես ասած, ինֆորմացիոն առիթի: Իր վերջին հարցազրույցներից մեկում լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը կրկին հայտարարեց. «Ես քաղաքական հարցերի չեմ ցանկանում պատասխանել: Բայց լավ, կասեմ. նախ՝ Շուշիի ազատագրման օրը մայիսի 6-ն էր նշանակված, ուղղակի ամսի 5-ին ձյուն եկավ, եւ պլանները խափանվեցին: Անցնելով ձեր հարցին՝ իմ ղեկավարը, հրամանատարը Սերժ Ազատիչն էր, ես չգիտեի, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը գիտե՞ր, թե՞ ոչ: Բայց մի բան հաստատ է՝ նա դեմ էր Շուշիի ազատագրմանը, որովհետեւ Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու հարց կար: Սրանից ելնելով՝ կասեմ ամեն դեպքում՝ չգիտեր: Ինձ համար շատ դժվար էր՝ վերեւից ուրիշ բան էին ասում, հրամանատար տղաները՝ այլ: Ու մենք գնացինք այդ ռիսկին եւ հրաշք: Շուշիի ազատագրումը իսկական հրաշք էր՝ ռազմագիտական տրամաբանությունից եւ հաշվարկներից դուրս»:

Արամ Մանուչարյանի դիտարկմամբ՝ մենք բոլորս կարող ենք  քննարկել, խոսել, հայտարարություններ անել, այդ թեմայի շուրջ հայտնել տարբեր կարծիքներ, ինչ-որ եզրահանգումներ անել եւ այլն, բայց այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Կոմանդոսը, երբեք չպետք է շեղվեն այդ հարցին վերաբերող «հիմնական պետական դրույթներից, քանի որ  դա կդիտարկվի որպես հայրենիքի դավաճանություն»: Մեր զրուցակիցն ասում է, որ Շուշիի ազատագրման ժամանակ եղել են «ինչ-որ խոչընդոտող հանգամանքներ»՝ կապված գործողությունը երեք անգամ հետաձգելու հետ, բայց դրանք «ուրիշ թեմայի են վերաբերում»: Ըստ նրա. «Քանի որ անհաջող փորձ կատարվեց նաեւ մեզ՝ Դաշնակցությանը, ներքաշելու այդ սադրանքի մեջ, ստիպված եղանք լուրջ հետաքննել: Ես տեղյակ եմ նաեւ, որ նախագահականի համապատասխան մարմինները նույնպես հետաքննել են այդ եղելությունը»: «Առավոտի» հարցին՝ ի՞նչ «եղելության» մասին է խոսքը, ինչի՞ համար է երեք անգամ հետաձգվել Շուշիի ազատագրումը՝ Արամ Մանուչարյանը պատասխանեց. «Ամեն մի փամփուշտ եկեք կրակենք ճիշտ իր ժամանակին»: Ա. Մանուչարյանի դիտարկմամբ՝ միայն մեկ դեպքում է գործողության հետաձգումն արդարացված եղել. «Նշանակված էր մայիսի 1-ին, գիշերն առատ ձյուն եկավ, ու երկու օրվա ընթացքում հազիվ հալվեց այդ ձյունը»:

Մեր զրուցակցին անհանգստացնում է, թե ինչո՞ւ հիմա նորից սկսվեց թեման շրջանառվել, ինչո՞ւ է շրջանառությունն արվում  իշխանական լրատվամիջոցների կողմից, եւ ինչո՞ւ են ՀԱԿ ակտիվիստները ոչ ադեկվատ վարքագիծ դրսեւորում իրենց հակադարձումներում: Իր իսկ հարցերին նա էլ պատասխանում է. «Ամենայն հավանականությամբ, Հայաստանում կան ուժեր, որոնց ձեռնտու է, որպեսզի հիմա այդ հարցը շահարկվի: Ամեն տարի ապրիլի 24-ին մի ամբողջ ազգ՝ բերանը բաց, սպասում է, թե ինչ-որ մի ԱՄՆ նախագահ կասի՞ «ցեղասպանություն» բառը: Նույնն էլ ադրբեջանցիները՝ անընդհատ սպասում են, որ ինչ-որ մի հայ բարձրաստիճան պաշտոնյա կասի, որ այո, մենք ենք այս ամեն ինչի հեղինակը, եւ իրենք կկարողանան միջազգային ասպարեզում հասնել նրան, որ Հայաստանին տրվի օկուպանտի կարգավիճակ: Ամենայն հավանականությամբ, սադրողը հենց այդ ուժերն են: Բայց որ թեման շրջանառում են իշխանական լրատվամիջոցները՝ ինձ համար անհասկանալի է»: Դիտարկմանը՝ գուցե հենց իշխանությո՞ւնն է ուզում օգնել Ադրբեջանին՝ իր որդեգրած ճանապարհին, Մանուչարյանը հակադարձեց. «Դա արդեն իրենց գործն է, բայց չարժե Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել»:

Ինչ մնում է ՀԱԿ-ականների ոչ ադեկվատ հակադարձումներին, Արամ Մանուչարյանն ասում է. «Այնպիսի անձնավորություն, ինչպիսին գեներալ Տեր-Թադեւոսյանն է, ով, իմ կարծիքով, իրեն ճիշտ է պահել եւ չի բացահայտել որեւէ պետական գաղտնիք, պետք չէր նման վերաբերմունքի արժանացնել: Ճիշտ կլիներ ավելի կոռեկտ, նորմալ քննադատել նրան, եթե դրա կարիքը կար, քան տարածել այն վայրահաչությունը, որ արեցին Կոմանդոսի դեմ: Այս առումով ՀՀՇ կամ ՀԱԿ՝ ինձ համար տարբերություն չկա: Դա իրենց գործելաոճի մեջ է՝ վարկաբեկելով, փնովելով մեկին՝ մյուսի մոտ ինչ-որ դիվիդենդներ ձեռք բերել»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031