Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր «քցվածներ»

Օգոստոս 09,2012 13:19

90-ականների սկզբին մի քանի տասնյակ հայկական բանկեր քաղաքացիներից փողեր էին հավաքում՝ տրված գումարի 15-20 տոկոսը միամիտ մարդկանց ամեն ամիս տալու խոստումով: Մեկ-երկու ամիս տալիս էին, հետո վերցնում էին հավաքած փողերը եւ «թռնում»: Այդ ճարպիկ «բանկիրներից» ոմանք դատվել են, մեծ մասն էլ «գլուխն ազատել է»՝ ինչպես Հայաստանում լինում է այդ տիպի հանցատեսակների դեպքում: Սակայն փաստ է, որ վերջին 15 տարում այդ խնդիրը վերացավ, եւ հիմա մենք ենք, վարկ վերցնելու դեպքում, բանկերին սարսափելի տոկոսներ մուծում: Բայց դա այլ խնդիր է՝ հարաբերությունները, այսպես թե այնպես, տեղավորվում են իրավական դաշտում, առանց բազարային հարաբերությունների ծայրահեղ դրսեւորումների:

Քանի որ այդ հարցում տարրական կարգուկանոն հաստատվեց, դա ապացուցում է, որ նույնը կարելի է անել բիզնեսի մնացած ոլորտներում: Խոսքը տվյալ դեպքում տուրիստական բիզնեսի մասին է: «Տեխնոլոգիան» այստեղ մոտավորապես նույնն է, ինչ որ բանկերի դեպքում՝ մարդկանցից փողերը հավաքել եւ թռնել: Նախ՝ արժե, իհարկե, խոսել քաղաքացիների մասին. այսօր 90-ական թվականները չեն՝ եթե որեւէ ծառայության համար փող եք վճարում, ապա բարի եղեք ստանալ այնպիսի փաստաթուղթ, որը հետագայում, եթե դուք այդ ծառայությունը չստանաք կամ թերի ստանաք, հիմք կդառնա դատարանում ձեր իրավունքները պաշտպանելու համար: (Հենց դա է, ի դեպ, պատճառը, որ «բուդկեքից» ես գերադասում եմ սուպերմարկետները՝ որքան էլ անեծքներ հնչեն դրանց հասցեին. այստեղ ինձ հաստատ կտան ՀԴՄ կտրոնը, եւ այստեղ ես, ընդհանուր առմամբ, ավելի մեծ հնարավորություն ունեմ պաշտպանելու իմ՝ սպառողիս իրավունքները): Զբոսաշրջության դեպքում մենք երբեմն վստահում ենք մեր քրտինքով աշխատած փողերը ինչ-որ խուլիգանների, ուրախ-զվարթ տրամադրությամբ գնում ենք օդանավակայան, բայց հետո պարզվում է, որ ոչ մի ինքնաթիռ էլ չի պատրաստվում մեզ հասցնել ծովափնյա հյուրանոց, որի համար մենք նույնպես վճարել ենք: Հետեւաբար, պետք է կամ ընդհանրապես հրաժարվել տուրիստական գործակալություններից եւ ինտերնետով գործ բռնել անմիջապես հյուրանոցների հետ, եւ այդ դեպքում գոնե արանքից դուրս է գալիս ոչ հուսալի չարտերային չվերթների խնդիրը, կամ դիմել այն տուրօպերատորներին, որոնք տասնամյակից ավելի ապացուցել են իրենց պարկեշտությունը: Բայց այս դեպքում էլ պետք է նորմալ, իրավական ուժ ունեցող պայմանագիր կնքել այդ ընկերությունների հետ:

Բայց հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները՝ չի կարելի միայն դրա վրա հույս դնել: Այստեղ անպայման պետք է իր խոսքն ասի պետությունը: Ինձ թվում է՝ անհրաժեշտ է խստացնել տուրօպերատորին արտոնագիր տալու պայմանները եւ քաղաքացիներին «քցելու» դեպքում այդ արտոնագիրը անբարեխիղճ ընկերություններից խլել: Պետությունը պետք է նաեւ նպաստի, որ «քցված» զբոսաշրջիկները դատական կարգով այդ ընկերություններից ստանան նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցում: Թե չէ՝ ես մեր քաղաքացիներին գիտեմ՝ նրանք ինքնուրույն «զահլա» չեն ունենա դատի տալու:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031