Հայաստանի երիտասարդական հիմնադրամը օգոստոսի 13-19-ը Ծաղկաձորում անցկանցնելու է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը: Դրան մասնակցելու են Հայաստանից, Ջավախքից, սփյուռքից եւ Լեռնային Ղարաբաղից 42 ջոկատներ` յոթական մասնակիցներով: Ծրագրի ընթացքում 18-30 տարեկան ավելի քան 400 երիտասարդ իրենց ուժերը կչափեն մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ ու մշակութային մրցույթներում, ինչպես նաեւ, կհանդիպեն ՀՀ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ:
«Բազե»-ի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը մրցույթին մասնակցել է ութ անգամ: Այսօր «Հայելի» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ նա հայտնեց, որ կլինի «Բազե բանալի» մրցույթը, որը սպորտայինի եւ ինտելեկտուալի խառնուրդն է. «Ծրագրում կան նոր մտքեր, եւ այն կտեվի մեկ օրից ավել: Ժյուրիի կազմում լինելու են այնպիսի ազդեցիկ մարդիկ, որոնց խոսքը կշիռ ունի երիտասարդների մոտ: Մասնակիցները ընտրվում են մարզերում ուսանողական կառույցներում անցկացված մրցույթներից ստացված արդյուքների համաձայն: Ջոկատը պետք է բաղկացած լինի վեց անդամից ու մեկ ջոկատավարից: Մասնակիցը մեկ անգամից ավելի չի կարող մասնակցել «Բազե»-ին»:
Հավաքի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի խոսքով, այս տարվա ծրագրում նախատեսած է տեղական ֆիլմերի դիտում եւ քննարկում, ինչպես նաեւ կլինեն երգի, պարի մրցույթներ. «Մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչներն էլ են մեծ ակտիվություն ցուցաբերել «Բազեի» հավաքներին, եւ նրանցից շատերը ներկա կգտնվեն այդ օրերին, իսկ վերջին օրը կլինի գալա համերգ հենց նրանց մասնակցությամբ»:
Սպորտային մրցույթները մնացել են նույնը, բայց ինչպես ասաց մարզական ղեկավար Գրիգորի Ամբարյանը, նորություն է ազգային խաղը, որի նպատակը երիտասարդների մեջ հայրենասիորություն սերմանելն է:
Այս տարի լրանում է «Բազե»-ի տաս ամյակը: Տնօրենի համոզմունքով այդ տարիների ընթացքում չի փոխվել նպատակը, փոխվել են միայն ծրագրերը. «Երբ առաջացել է միտքը, դաշտը դեռ հարուստ չէր նման կառույցովներով: Կարելի է ասել, որ այն առաջինն է ու կայացած է»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ