Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի առաջին նիստը

Օգոստոս 09,2012 11:09

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, մայրաքաղաքի կառուցապատման և առանձին կարևորագույն կառույցների նախագծերի քննարկման հարցերում Երևանի քաղաքապետին մասնագիտական խորհրդատվություն ապահովելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձևավորվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են 19 բնապահպանական ուղղվածության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ:

Հանձնաժողովի առաջին նիստը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հանձնաժողովի անդամներին մասնակցության և համագործակցության պատրաստակամության համար` քաղաքապետը վերահաստատել է մայրաքաղաքի կանաչատման ծրագրերի  ուղղությամբ  քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը և ընգգծել, որ աշխատանքներ են տարվում հնարավորին կարճ ժամանակահատվածում վերականգնելու և ավելացնելու մայրաքաղաքի կանաչապատ տարածքների երբեմնի ծավալները:

«Երևանը, լինելով զարգացող քաղաք, բնականաբար, ունի նաև իր խնդիրներն ու, ըստ այդմ, նաև դրանց հնարավոր առավել արդյունավետ լուծումների անհրաժեշտություն: Իմ խորին համոզմամբ բնապահպանական հանձնաժողովի գլխավոր նպատակը հենց ճիշտ, արդյունավետ և հասարակության բոլոր շերտերի համար ընդունելի լուծումներ ապահովելը պետք է լինի: Որպես Երևանի քաղաքապետ՝ ձեզանից ակնկալում եմ սրտացավ և հետևողական աշխատանք, որի արդյունքում համատեղ կկարողանանք համապատասխան քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների  լուծման ուղղությամբ: Մեկ անգամ ևս վստահեցնում եմ, որ քաղաքաշինական խոշոր ծրագրերի նախագծերի քննարկման փուլում միանշանակ հաշվի է առնվելու նաև հանձնաժողովի եզրակացությունը»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը, ներկաների անունից շնորհակալություն հայտնելով հանձնաժողովի ստեղծման և քաղաքաշինական ծրագրերի քննարկմանը գործնական մասնակցության հնարավորություն ընձեռելու համար, նշել է, որ հանձնաժողովի ստեղծումը իսկապես կարևոր նշանակություն կունենա ոչ միայն մայրաքաղաքի բնապահպանական, այլև մի շարք այլ խնդիրների համակողմանի քննարկման և կարգավորման հարցում:

Իր խոսքում ներկայացնելով բնապահպանական ծրագերի իրականացման միջազգային փորձը` Կարինե Դանիելյանը հույս է հայտնել, որ դրանք գործնականում հնարավոր կլինի լայնորեն կիրառել նաև Երևանում և, որպես ասվածի լավագույն ապացույց, մատնանշել է վերջին տարիներին Ավան վարչական շրջանում կանաչապատման ուղղությամբ տարված աշխատանքների օրինակը:

Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ կստեղծվեն մասնագիտացած ենթախմբեր, որոնցում համակողմանի քննարկումներ անցնելուց հետո այս կամ այն հարցի վերաբերյալ հանձնաժողովի կողմից տրվող եզրակցությունը կլինի առավել ամբողջական և հիմնավոր:

Օգտվելով առիթից, հանձնաժողովի անդամները քաղաքապետ Տարոն Մարգարյանին  ներկայացրել են նաև առաջարկություններ ինչպես հանձնաժողովի գործունեության կազմակերպման, այնպես էլ բնապահպանական խնդիրների կարգավորմանն առնչությամբ:

Ամփոփելով հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդգծելով հանձնաժողովի ստեղծման կարևորությունը, մեկ անգամ ևս վստահեցրել է, որ համաքաղաքային նշանակության ծրագրեր իրականացնելիս բնապահպանական հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկություններն ու եզրակացություններն անպայման հաշվի կառնվեն:

  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031