Լրահոս
Օրվա լրահոսը

Շահին Ռզաեւ. «Երիտասարդ սերունդը կհիմնվի մեր անհաջող փորձերի վրա»

Օգոստոս 07,2012 22:47

Ալանդյան կղզիների օրաթերթերն այսօր էջեր են նվիրել հայ եւ ադրբեջանցի երաժիշտների համատեղ մասնակցությանը «Ձայներ խաղաղության համար» փառատոնին: Ապացույցը՝ լուսանկարներն են: Սակայն որքանո՞վ նման միջոցառումները կարող են ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման վրա: Նաեւ այս մասին է մեր զրույցը Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի ադրբեջանական ներկայացուցչության տնօրեն Շահին Ռզայեւի հետ:

– Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության պայմաններում, երբ սահմանին մեր երիտասարդները սպանում են միմյանց, այն, որ այստեղ՝ Ալանդներում հավաքվել են այլ երիտասարդներ, որոնք միասին նվագում են՝ կարո՞ղ է արդյոք որեւէ բան փոխել մեր հարաբերություններում:

– Նախ՝ այդ երիտասարդները սեփական նախաձեռնությամբ չեն սպանում: Ուղղակի երկու երկրների քաղաքական ղեկավարությունը դեռ պատրաստ չէ խաղաղության: Երիտասարդը երբեք ինքնուրույն չի կարող վերցնել ու կրակել՝ նրան դրա համար շատ խիստ կպատժեն: Ամեն օր ստուգվում է փամփուշտների առկայությունը եւ եթե մեկը պակասի…

Երիտասարդները հակված են խաղաղ կյանքի: Իհարկե, ծառայության ընթացքում որոշ զգացումներ կարող են եւ սրվել, բայց չեմ կարծում, թե երիտասարդներն այժմ այդչափ արյունռուշտ են, ու տենչում են ավեր: Ուրեմն՝ երիտասարդները հենց այնպես չեն կրակում: Եվ եթե այդպես է լինում, ուրեմն՝ կամ կա համապատասխան հրաման ղեկավարությունից, կամ էլ որեւէ սադրանք է իրականացվել:

Եվ ես չեմ կարծում, թե նման միջոցառումները կարող են ինչ որ բան փոխել: Ավելին՝ թեեւ ինքս քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ եմ՝ շատ մեծ հոռետես եմ այս հարցում: Ես չեմ կարծում, որ եթե հանկարծ ու Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչները միավորվեն ու պահանջեն կառավարությունից, թե եկեք պայմաններ ստեղծենք խաղաղության համար, ստորագրենք խաղաղության համաձայնագիր՝ դա որեւէ բան կփոխի: Հնարավոր է, այդպիսով ձեւավորվի հասարակական կարծիք, բայց բավական է հինգ րոպե որեւէ ազգայնական հեռուստատեսության «փրայմ-թայմում», որպեսզի ամեն ինչ հետ շրջվի:

-Այսինքն, համաձա՞յն եք, որ հասարակական կարծիքն ազդեցություն չունի պետական կառույցների վրա ոչ ձեր երկրում, ոչ մեր:

– Ցավոք, այդպես է: Մեր երկրներում չկան ժողովրդավարական կայուն ավանդույթներ, շատ բարձր է կոռուպցիայի մակարդակը, եւ զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողությունն ու ճնշումները: Եվ այդ պատճառով իշխանության համար շատ հեշտ է առաջ մղել իր շահերը հեռուստաընկերություններով: Իսկ հասարակական կազմակերպությունների համար դա ոչ մատչելի է, ոչ էլ ունեն համապատասխան ռեսուրսներ՝ այլընտրանքային հեռուստաընկերություններ, որոնք կարող են ինչ որ բան հակադրել:

– Ուրեմն, ի՞նչ նշանակություն ունեն նման հավաքներն ու միջոցառումները:

– Նման հավաքներն ունեն նշանակություն: Այնուամենայնիվ ասում են, թե «ասեղով էլ կարելի է գերեզման փորել» կամ «կաթիլը քար է ծակում»: Սա նման է նրան, որ սերմ գցես հողի մեջ, իսկ այն հետո կաճի: Բայց դրան շատ երկար է պետք սպասել:

– Արդեն տարիներ շարունակ ջուրը հոսում է, նման բազմաթիվ «սերմեր» են ցանվել, բայց «բերքը»՝ արդյուքները, այդպես էլ չկան ու չկան: Ինչո՞ւ:

–  Ուրեմն, այգեպաններն այդքան էլ փորձառու չէին, երբ սկսեցին նման սերմեր ցանել: Նրանք էլ են փորձառություն ձեռք բերում: Հուսանք, որ այս սերունդն արդեն կհիմնվի մեր անհաջող փորձերի վրա, եւ նրանք կհասնեն ինչ որ այլ բանի:

Հարցազրույցը վարեց՝ Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Մարիեհամն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031