Լրահոս
Օրվա լրահոսը

Կպայքարեն ստաժավոր «գայիշնիկը», ՕԵԿ-ականը, Պետրոս Մակեյանի, դատական բժշկի ու մականունավոր օլիգարխի եղբայրները

Օգոստոս 07,2012 19:49

Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության աշխատակիցների տեղեկացմամբ` առաջիկա ՏԻՄ ընտրություններում հետաքրքիր  ու միաժամանակ դաժան մրցակցություն է սպասվում  Շիրակի մարզի մի քանի գյուղերում:

Ի տարբերություն նախորդ տարիների, երբ  գործող գյուղապետի հրահանգով նրա աշխատակիցները  հլու-հնազանդ  առաջադրում էին իրենց թեկնածությունը` «շեֆին», այսպես ասած, օգնելու ու  Ընտրական օրենսգրքով պարտադրված մրցակցությունն ապահովելու  համար, ապա այժմ գյուղերում պատկերը  բոլորովին այլ է: Գյուղապետի պաշտոնին են հավակնում ոչ միայն կուսակցությունների  ներկայացուցիչները, այլև քիչ թե շատ փող ունեցողները:

Ըստ մարզպետարանի պաշտոնյաների` մրցակցությունը հատկապես թեժ է լինելու Հոռոմ գյուղում, որտեղ ՕԵԿ-ական գյուղապետ Սարգիս Դավթյանին փորձում է գահընկեց անել նախկին գայիշնիկ, այժմ արդեն խանութատեր, անկուսակցական Ահարոն Հարությունյանը:

Սկանդալային ընտրություններ  են սպասվում նաև հանրապետության ամենասկանդալային գյուղում` հեռավոր Ամասիայի Ողջիում, ուր մշտապես փորձում են  թոշակի ուղարկել խորհրդային տարիներից ի վեր գյուղապետ կարգված Սարգիս Ավագյանին ու  այդպես էլ չի ստացվում: Այս անգամ գյուղապետի դեմ դուրս է եկել գյուղապետարանի հաշվապահը: Նշենք, որ ամեն մի ընտրությունից հետո այստեղ կրքերն այնպես են բորբոքվում, որ հետընտրական ռազբորկաները տեղափոխում են  դպրոց` այս գործին խառնելով անգամ մանկահասականերին:

Վտանգավոր պայքար է  սպասվում նաև  «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ծննդավայրում` կաթոլիկական Փանիկում: Գյուղը երկար տարիներ կառավարում էր ընդդիմադիր գործչի եղբայրը` Վարդան Մակեյանը,  ով սակայն  չմասնակցեց անցած ՏԻՄ ընտրություններին` գյուղապետի աթոռը զիջելով իր տեղակալին` Հրաչիկ Շահանզարյանին: Այդ ժամանակ  Վարդան Մակեյանը մեզ հետ զրույցում պատճառաբանեց, որ առողջական  խնդիրներ ունի, և  և իր չառաջադրվելու հիմքում ոչ մի քաղաքական ենթատեքստ  փնտրել պետք չէ: Այժմ Մակեյանը որոշել է հետ ստանալ գյուղապետի  աթոռը և այդ նպատակով ստիպված է  թունդ պայքարի մեջ մտնել իր երբեմնի տեղակալի  հետ:

Մեծ Մանթաշ գյուղում ևս կրքեր են բորբոքվում, այստեղ գործող գյուղապետ, անկուսակցական Գրիգոր Սարգսյանի դեմ դուրս  են գալու  ՀՀԿ Արթիկի կառույցի ղեկավար,  դատական  բժիշկ Աշոտ Շահբազյանի  ու  տեղի Սևուկ մականունով օլիգարխներից մեկի` Ալբերտ Չոբանյանի եղբայրները: Նշենք, որ  Շիրակի մարզի մի քանի գյուղերում էլ ԲՀԿ-ն է իշխանափոխության   պատրաստվում. այս կուսակցությունը, ԱԺ ընտրությունների ժամանակ շահելով մարմաշենցիների ու գուսանագյուղցիների համակրանքը,  զգալի թվով ձայներ տանելով,  այժմ փորձում է տիրանալ այս գյուղերի ղեկավարի պաշտոնին: Մարմաշենում ԲՀԿ-ն  ՀՀԿ- դեմ առաջադրել է միանգամից երկու թեկնածուների, իսկ Գուսանագյուղում, որտեղ ԲՀԿ-ն ԱԺ ընտրությունների ժամանակ առաջին հորիզոնականն էր զբաղեցնում, ավելին կուսակցականացրել է ողջ գյուղը, ամեն ինչ անում է ՀՅԴ-ական գյուղապետ Վասակ Դարբինյանին ԲՀԿ-ական Ռոբերտ Բալաբեկյանով փոխելու համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031