Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի մոտեցումը «Գյումրիի նկատմամբ արդեն ձեւավորված է»

Օգոստոս 07,2012 17:11

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերահաստատեց Գյումրիի քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Սամվել Բալասանյանին սատարելու դիրքորոշումը: 

Սահակյանի փոխանցմամբ, ՀՀԿ-ն Գյումրիում սեփական թեկնածուի առաջադրման հարց չի քննարկել: Թեկնածությունների առաջադրման ժամկետը, հիշեցնենք, լրանում է ուրբաթ օրը: Առայժմ առաջադրվել է միայն Բալասանյանը:

«ՏԻՄ ընտրություններին գնում ենք ոչ թե այն մոտեցմամբ, որ թեկնածուն պարտադիր հանրապետական պետք է լինի, այլ որ թեկնածուները մոտ լինեն ժողովրդի ցանկություններին, եւ ավելի բարձր գնահատված լինեն ժողովրդի կողմից: Մեր վերլուծություններով, Բալասանյանը բավականին ձայներ ունի Գյումրիում», – ասաց Գալուստ Սահակյանը:

Նա հայտնեց նաեւ, որ Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իրենց հետ չի քննարկել սեփական թեկնածությունն առաջադրելու հարցը. – «Չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանը կինքնաառաջադրվի: Նման շշուկներ էլ չունենք, որ պիտի առաջադրվի: Համենայնդեպս մեր մոտեցումը Գյումրիի նկատմամբ արդեն իսկ ձեւավորված է»:

Հարցին, թե եթե Վարդան Ղուկասյանը, այնուամենայնիվ, դեմ գնալով կուսակցության դիրքորոշմանը, պայքարի քաղաքապետի պաշտոնը չկորցնելու համար, ինչ կանի Հանրապետականը, Սահակյանը պատասխանեց. – «Երբ նման իրավիճակ կստեղծվի, կուսակցությունը կորոշի, թե ինչպես վերաբերվի: Կուսակցության մարմինները կքննարկեն, իրավիճակից ելնելով որոշումներ կկայացնեն»:

Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը ձեռնպահ է մնում Սամվել Բալասանյանին իշխող կուսակցության կողմից ակնկալվող աջակցությանը գնահատական տալուց: ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե դա Հանրապետականի որոշելիքն է` պնդելով, որ իշխող կուսակցության հետ որեւէ պայմանավորվածություն իրենք չունեն. – «Որեւէ քաղաքական ուժի հետ որեւէ պայմանավորվածություն որեւէ համայնքում համատեղ առաջադրումների մասին չկա: Եթե կլինեն քաղաքական ուժեր, որ այս կամ այն համայնքում կսատարեն մեր թեկնածուին, այստեղ որեւէ խնդիր ես չեմ տեսնում»:

Հարցին, թե մտավախություն չունեն, որ ժամանակին «Օրինաց երկիր» կուսակցությունից ԲՀԿ տեղափոխված Սամվել Բալասանյանը շուտով կարող է հայտարարել ԲՀԿ-ից դուրս գալու եւ Հանրապետականին անդամակցելու մասին, Զոհրաբյանը արձագանքեց. – «Կարծում եմ, որ նման բան չի լինի, որովհետեւ ցանկացած քաղաքական գործչի համար ցանկացած պաշտոնից բարձր պիտի լինի տվյալ քաղաքական գործչի վարկանիշը, տվյալ քաղաքական գործչի հեղինակությունը, եւ ես չեմ կարծում, որ Սամվել Բալասանյանը փորձ անի խաղալ սեփական վարկանիշի եւ սեփական հեղինակության հետ»:

Սեպտեմբերի 9-ին եւ 23-ին ՏԻՄ ընտրություններ են նախատեսված  հանրապետության 800 համայնքներում: Ե’վ ՀՀԿ-ն, ե’ւ ԲՀԿ-ն հայտարարել են, որ ակտիվորեն մասնակցելու են այս ընտրություններին, հատկապես խոշոր քաղաքներում սեփական թեկնածուներ են առաջադրելու: Հանրապետականը, այսօրվա տվյալներով, արդեն իր թեկնածուներն առաջադրել է Մասիսում, Էջմիածնում, Կապանում:

Իրինա Հովհաննիսյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031