Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք Սոտքի ոսկու հանքավայրը 15 տարվա կյանք ունի

Օգոստոս 07,2012 16:44

«GeoProMining Gold» ընկերությունը հայտարարում է, որ Սոտքի ոսկու հանքավայրից արդեն արդյունահանում է աղքատ հանքաքար, եւ որ 15 տարի անց հանքավայրի պաշարները կսպառվեն: «Պարունակությունը կազմում է 0,8-ից 0,9 գրամ տոննայում»,- հայտարարեց «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի Շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Հովիկ Նիկողոսյանը: Այդ պատճառով Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան սկսել է ֆլոտացիայի վերականգման  և նոր «Ալբիոն» տեխնոլոգիայի ներդրման աշխատանքները:

Աղքատ հանքաքարից ոսկու կորզման համար հանքավայրի մոտ` Սոտք գյուղի վարչական տարածքում, 2011թ. ընկերությունն առանց թույլատրող փաստաթղթերի տեղադրեց  ջարդման-տեսակավորման տեղամաս: Իսկ հետո տեղամասի օրինականացման համար օգտագործեց 1988թ. նախագծի փաստաթղթերը, որոնք իրավական ուժ չունեն` այդ նախագծի ժամկետանց լինելու եւ չգործարկվելու պատճառով:

Հուլիսի 30-ին` Սոտք գյուղում, տեղի ունեցան Սոտքի ոսկու բաց հանքի վերազինման ծրագրի, որտեղ ներառված է ջարդիչ-տեսակավորող  տեղամասը, հասարակական լսումները:

Նախագծի համաձայն` ջարդման հետեւանքով հանքաքարից երեք չափի հանքաքար է ստացվելու` +50մմ; -50+30մմ և  -30մմ:   +50մմ դասը տեղափոխվելու է լցակույտ,  -50+30մմ-ը  օգտագործվելու է որպես խիճ ճանապարհների համար, իսկ -30մմ-ը ուղարկվելու է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա: «Բնապահպանության նախարարի N 430-ն 25.12.2006թ. հրամանին կից ցանկում հանքաարդյունահանող արդյունաբերությունում առաջացած թափոնները բացակայում են, իսկ ՀՕ 20.12.06թ. N 1434 բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին (հոդված 3.ա) լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից ոչ վտանգավոր թափոնների դրույքաչափը – 0,0 դրամ է»,- գրված է նախագծում:

Այսինքն, հանքավայրից դուրս եկած հանքաքարի զգալի մասը, որն իր մեջ պարունակում է ծանր մետաղներ եւ տոքսիկ տարրեր,  մնալու է Սեւանա լճի ավազանում` ճանապարհի երկարությամբ, եւ ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրելու:  Հիշեցնենք, որ Սեւանա լճի ջրահավաք ավազանը պաշտպանվում է օրենքով:

Հովիկ Նիկողոսյանը  հասարակական լսումների ժամանակ ասաց, որ ջարդիչ կայանը կգործի ընդամենը 2 տարի, մինչեւ «Ալբիոն» տեխնոլոգիայի ներդրման ավարտը:

Հիշեցնենք, որ արտադրամասի ապօրինի լինելու փաստի առթիվ Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը դիմել է ՀՀ դատախազություն, սակայն հստակ պատասխան չի ստացել խնդրի առնչությամբ: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում Սանասարյանը հայտնեց, որ մտադիր է եւս մեկ անգամ դիմել դատախազություն:

Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Կարինե Մովսիսյանն ասաց, որ  ջարդիչ կայանը 4 ամսից ավելի է, չի աշխատում Հակոբ Սանասարյանի դատախազություն դիմելու արդյունքում:

Այժմ այն մասին, թե որքան հանքաքար է արդյունահանվելու տարեկան: Նախագծում հանդիպում են արդյունահանման վերաբերյալ տարբեր թվեր: Այսպիսով` նախագծի  6.4. կետում`   «Մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների աղբյուրները» ենթաբաժնում գրված է. «Սոթքի հանքի  նախագծային հզորությունը  կազմում է 1 մլն տ/տարի, սակայն    ներկայիս  արտադրողականությունը  ըստ հանքաքարի կազմում է 840000 տ/տարի:  Վերազինման աշխատանքների արդյունքում   բացահանքը կհասնի իր նախագծային հզորությանը»:  Սակայն նույն կետի մեկ այլ հատվածում գրված է. «Ներկայումս տարեկան 2,1մլն.տ հանքաքար տեղափոխվում է ջարդման-տեսակավորման տեղամաս, իսկ վերազինումից հետո  այդ քանակը կկազմի տարեկան 1,1 մլն. տ»:

Ուշագրավ է նաեւ շրջակա միջավայրում կուտակվող դատարկ ապարների ծավալի մասին տեղեկատվությունը: Նախագծում գրված է. «Տարեկան առաջանում է 6760 հազար խմ դատարկ ապարներ,  որոնք  կուտակվում են լցակույտերում»:

Հանքի շահագործումից հետո նախատեսվում է բաց հանքի տարածքը վերածել արհեստական լճի եւ ստեղծել հանգստյան գոտի:

Հասարակական լսումների մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=J8I1vXuCwxY  հասցեում:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031