Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանություն. Կոչ ենք անում միակողմանի չլուսաբանել փաստերն ու հանգամանքները

Օգոստոս 07,2012 16:04

Վերջին օրերին կրկին զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին ոստիկան (համակարգում ծառայել է 1998-2011 թթ.) Մխիթար Ալումյանը, որն ի թիվս բազմաթիվ այլ բողոք-պահանջների` ոստիկանությունից պահանջում է 4,5 միլիոն դրամ, ըստ իր հաշվարկների, ծառայության ընթացքում կատարած արտաժամյա աշխատանքի համար:

Այս պատմությունը նոր չէ, սկսվել է անձնական նախաձեռնությամբ, զեկուցագրի հիման վրա, 6.10.2011 թ. ոստիկանության համակարգից ազատված Մ. Ալումյանի` նույն տարվա դեկտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված դիմումով, որտեղ նշված հանգամանքերով Պետական պահպանության գլխավոր վարչությունում նշանակվել և անցկացվել է ծառայողական քննություն:

Մ. Ալումյանը նմանատիպ դիմում էր ներկայացրել նաև Կոտայքի մարզի դատախազություն, ինչի հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Ծառայողական քննության ընթացքում տված բացատրության մեջ Մ. Ալումյանը նշել է, որ դիմումները գրել է խիստ հուզական վիճակում` խեղաթյուրելով փաստերը, և հաստատել, որ ծառայությունից ինքնակամ է ազատվել:

Ինչ վերաբերում է արտաժամյա ծառայության դիմաց չվճարվելու և այդ գումարները յուրացնելու մասին հայտարարությանը, ապա դրա իրավական գնահատականը տվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, քանի որ համաձայն «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի` ծառայողական քննությունների ընթացքում քննարկվում են միայն ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը, նրանց գործունեությանն ու վարքագծին առնչվող հարցերը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Մ. Ալումյանի դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով 16.12.2011 թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

Ասել է թե` Մ. Ալումյանի դիմումում նշված հանգամանքները չեն հիմնավորվել:

Ինչ վերաբերում է պետական պահպանության գլխավոր վարչության կողմից Մ. Ալումյանին հատկացված 1.900000 դրամին, ապա այստեղ ևս իրականությունն այլ է:

2011 թ. դեկտեմբերի 29-ին պետական պահպանության գլխավոր վարչության պետի մոտ անցկացված օպերատիվ խորհրդակցության ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Մխիթար Ալումյանի` ՀՀ ոստիկանության պետին ուղղված` երեխայի բուժման նպատակով ֆինանսական օգնություն ցուցաբերելու դիմում-խնդրանքը: Գլխավոր վարչության պետը նշելով, որ վարչության տրամադրվելիք օգնությունը սահմանափակ է, առաջարկել է համակարգի ծառայողների ջանքերով, կամավորության սկզբունքով հանգանակություն կատարել` ֆինանսական ծանր պայմաններում հայտնված նախկին ծառայակցին օգնելու, նրա դստերը շուտափույթ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: 2012 թ. հունվարի 17-ին հանգանակված գումարը` 1.900000 դրամ, հանձնվել է Մխիթար Ալումյանին, որն ընդունել է գումարը` խորին շնորհակալություն հայտնելով պետական պահպանության գլխավոր վարչության ղեկավարությանը:

Փաստորեն, ո՛չ ոստիկանության պետին հասցեագրված դիմումում, ո՛չ ՊՊԳՎ պետի հանգանակության առաջարկում, ո՛չ էլ Ալումյանի խորին շնորհակալության մեջ տառ անգամ չկա հավելավճարի, ոստիկանության` նրան ունեցած պարտքի ու «մնացած գումարը մաս-մաս վճարելու» մասին: Կա նեղության մեջ հայտնված մերձավորին աջակցելու, գործընկերոջը (թեկուզև նախկին) հարեհաս լինելու, հիվանդ երեխային շուտափույթ օգնություն ցուցաբերելու պարզ` մարդու և քրիստոնյայի մղում, որը և գործ է դարձել: Իսկ թե Մխիթար Ալումյանը հետագայում ինչո՞ւ է այլափոխել իրողություններն ու այսօր կատարվածի միանգամայն այլ պատկեր է ներկայացնում՝ իր խղճի, գուցե նաև հիշողության խնդիրն է:

Ինչ վերաբերում է զանգվածային լրատվության միջոցներին, ապա այս իսկապե՛ս անհրաժեշտ պարզաբանումը հրապարակելով` կրկին կոչ ենք անում միակողմանի չլուսաբանել փաստերն ու հանգամանքները, լսել բոլոր կողմերին և միայն հանգամանալից ու մանրակրկիտ վերլուծության արդյունքներ հրապարակել:

 ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031