Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմությո՞ւն են հորինում, որ աղետի գոտում տուն ստանան

Օգոստոս 07,2012 15:46

Եթե աղետի գոտում բնակվող անձը անօթեւանի կարգավիճակում չէ, բայց բնակարան ստանալու հերթացուցակում է եւ ինչ-ինչ միջոցներով բնակարան է ձեռք բերել, ապա նա այլեւս չի կարող պետական որեւէ ծրագրով տուն ստանալ: Այսօր այս մասին «Նոյյան Տապան» մամուլի ակումբում  ասաց Սպիտակի «Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան Արթուր Հարությունյանը: Նրա խոսքերով. «Եթե օրինակ, 5 հոգուց բաղկացած ընտանիքի որեւէ անդամ սեփականության իրավունքով բնակարան ունի, օրինակ՝ նվեր է ստացել, ապա այդ դեպքում հանձնաժողովը հերթացուցակից հանում է ամբողջ ընտանիքին: Միչդեռ, կառավարության որոշումներով սահմանված կարգի համաձայն, ընտանիքի յուրաքանչյուր անդամին պետք է անհատական մոտեցում ցուցաբերվեր, եւ յուրաքանչյուրի բնակարան ստանալու իրավունքը պետք է պարզեցվեր: Կառավարությունում ասում են, հայրը տուն ունի, թող երեխային պահի, այն դեպքում, որ սահմանադրությամբ մեր երկիրը հռչակված է սոցիալական պետություն, ու նաեւ ընդունել ենք, որ աղետից տուժած քաղաքացիներին բնակարաններով պիտի ապահովենք»: Ըստ պարոն Հարությունյանի, կառավարության սահմանած հերթացուցակներում ընդգրկելու իրավասությունը պատկանում էր համայնքների ղեկավարներին, իսկ քաղաքաշինության նախարարությանը կից բնակարանների բաշխման հարցերով զբաղվող հանձնաժողովն ուսումնասիրում է, թե համայնքի ղեկավարի կողմից ընտրված ընտանիքը իրավունք ունի՞ բնակարան ստանալու, թե՞ ոչ. «Կառավարության որոշումներով հստակեցված են ինչպես բնակարան ստանալու, այնպես էլ այդ իրավունքից զրկվելու հիմքերը»:

Քաղաքաշինության նախարարության բնակարանային եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանն էլ իրավաբանի դիտարկումներին ի պատասխան ասաց, որ կան երկու հասկացություններ, եւ դրանք նույնացնել չի կարելի՝  հերթացուցակից հանելու կամ բնակարան ստացող ընտանիքների ցուցակից հանելու հասկացությունները: Վարչության պետի տեղեկացմամբ` հանձնաժողովը իրավասու չէ համայնքի կողմից ներկայացված ցուցակներից հանել կամ ավելացնել շահառուներին: Դա միայն համայնքի ղեկավարի իրավասությունն է. Սպիտակ քաղաքում 79 ընտանիք չեն ճանաչվել այս ծրագրին համապատասխան եւ չեն ընդգրկվել հերթացուցակներում: Տիկին Աթայանի ներկայացմամբ՝ նրանցից 24-ը տարբեր ծրագրերի շրջանակներում ստացել է կորցրած բնակարանի փոխհատուցումը, իսկ 12-ը արհեստականորեն վատացրել են իրենց բնակարանային պայմանները, 2-ը իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր են ներկայացրել, մահացած երեխաների փաստաթղթերն են ներկայացրել՝որպես գոյություն ունեցող երեխա. «Ընդհանուր առմամբ մոտեցումը հետեւյալն է՝ մեկ ամբողջական ընտանիքին մեկ բնակարան»:

Ասուլիսին ներկա քաղաքաշինության նախարարության իրավաբանական բաժնի պետ Խաչատուր Ղալթաղչյանի խոսքերով էլ`«Մեր ժողովուրդը շատ հնարամիտ է եւ տարբեր պատմություններ հորինելով՝ մարդիկ փորձում են ընդգրկվել հերթացուցակներում: Մեր հանձնաժողովը ստուգում է ու պարզում, որ քաղաքացին չի համապատասխանում ոչ մի չափորոշիչի»:

Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031