«Առավոտ երիտասարդականը» այս անգամ ժամադրվել էր Երևանի «Միկայի» և Հայաստանի հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովի հետ: Ժամադրությունը շատ ավելի վաղ պետք է արվեր, բայց Կասպարովը, տեղափոխվելով «Ուլիսի» կազմ, նախապատրաստվում էր Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլին, սակայն հուլիսի 14-ին ստացած ուսի վնասվածքի պատճառով փորաձառու դարպասապահը մոտ մեկ ամիս չկարողացավ ոչ միայն հարցազրուց տալ, այլեւ առհասարակ դուրս գալ ասպարեզ:
Նշենք, որ նման վնասվածք առաջին անգամը չէ, որ ստանում է. «2007թ. ամռանը նման վնասվածք ստացա Չեմպիոնների լիգայի «Շախտյորի» դեմ Երևանում կայացած խաղում: Կրկին նույն ուսս էր: Այն ժամանակ էլ 1 ամիս պահանջվեց վերականգնվելու համար»: Այնուամենայնիվ, մի փոքր հետաձգվելուց հետո` մենք կարողացանք անցկացնել հարցազրույցը, որին կարող եք հետեւել՝ Ձեր հայացքը մի փոքր ներքեւ ուղղելով:
–Ինչպե՞ս է անցել Ձեր մանկությունը:
-Ուրախ է անցել իմ մանկությունը, չնայած դժվարին տարիներն էին՝ 90-ականներն էին: Մանկությունից հիշում եմ առաջին անգամ դպրոց գնալս, երբ ամբողջ գիշեր չէի քնել ու սպասում էի, թե երբ է լույսը բացվելու:
–Ե՞րբ որոշեցիք կամ զգացիք, որ ֆուտբոլը Ձերն է եւ պետք է ֆուտբոլիստ դառնաք, այն էլ դարպասապահ:
– Վեց տարեկանից սկսել եմ խաղալ, սկզբում դպրոցի բակում, այնուհետեւ հայրիկս տանում էր «Արարատի» խաղերին: Ես զգում էի, որ պետք է դառնամ ֆուտբոլիստ: Տասը տարեկանում արդեն ընդունվեցի ֆուտբոլի խմբակ: Սկզբում խաղում էի կենտրոնական պաշտպան, հետո այնպես ստացվեց, որ մեր դարպասապահը հիվանդացավ, իսկ մենք 3օրից խաղ ունեինք: Մարզիչն ասեց, թե ով կարող է դարպասապահ խաղալ, փորձեց 3 հոգու եւ ընտրեց ինձ, բայց հենց այդ խաղում անհաջող խաղացի: Հետո սիրահարվեցի, ասեցի որ դարպասապահ եմ ուզում դառնալ, այդպես սկսվեց. ես սիրում եմ իմ գործը:
-Ի՞նչ խնդիրներ կան այսօր ֆուտբոլում եւ հատկապես Դուք ի՞նչ դժվարություններ եք ունենում:
– Հիմա պայմաններն ավելի լավ են, քան առաջ էր: Խնդիրներ միշտ էլ կան ու կլինեն, պետք է հաղթահարես: Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը պետք է պրոֆեսիոնալ մոտենալ:
–Ի՞նչը կարող է ստիպել Ձեզ հրաժարվել ֆուտբոլից:
– Չեմ պատկերացնում, որ կգա մի օր, որ կհրաժարվեմ ֆուտբոլից: Աստված մի արասցե, եթե իհարկե առողջականդ չի ներում:
-Մի փոքր պատմեք Ձեր սիրո մասին:
– Ես ունեմ լավ կին, հրաշալի երեխաներ: Ես երջանիկ մարդ եմ: Կնոջս ընկերուհին Վալերի Ալեքսանյանի կնոջ ընկերուհին է, եւ միասին սովորում էին Մանկավարժական համալսարանում: Այնպես ստացվեց, որ խնջույքներից մեկի ժամանակ Վալերին ինձ հրավիրեց եւ հենց այդ ժամանակ էլ իմ դուրը եկավ: Հետո այնպես արեցի, որ հանդիպենք, որի ժամանակ միջնորդ հանդիսացավ Վալերիի ընկերուհին (այժմ կինը): Մի քանի հանդիպումից հետո, մոտավորապես 1 ամիս անց սիրո խոստովանություն արեցի, այնուհետեւ 8 ամիս անց ամուսնացանք: Խոստովանեց, որ ես սկզբում իր դուրը չեմ եկել. ինձ համար իմ սերը իմ կինն է:
–Ի՞նչը կարող է նյարդայնացնել Կասպարովին:
– Կարող է նյարդայնացնել անարդարությունը, նախանձը. նման մարդկանց, ցավոք այս կյանքում հանդիպում ենք:
–Կպատմե՞ք Ձեր նախասիրությունների մասին:
– Ազատ ժամանակ սիրում եմ երաժշտություն լսել եւ հիմնական ժամանակս տրամադրել երեխաներիս:
–Ունե՞ք նպատակ կամ երազանք, որին շատ եք ցանկանում հասնել:
Ունեմ, բայց թող մնա փոքրիկ գաղտնիք:
Քրիստինա Միրզոյան