«Դպրոցական առարկայական միջազգային օլիմպիական կոմիտեին Հայաստանը անդամակցում է 1992 թվականից: Այս տարի մենք մասնակցել են չորս առականերից, իսկ երկուսը դեռ առջեւում են: Մեդալների թվով սա աննախադեպ է վերջին 20 տարիների համար` 10 հատ»,- այսօր «Ելակետ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Կարինե Ալեքսանյանը:
Արդեն 20 տարի է, ինչ Հայաստանը մասնակցում է մաթեմատիկայի օլիմպիադային: Այս տարի այն անցկացվել է Արգենտինայում:
«Մեզ մոտից մասնակցում էին վեց աշակերտներ: Այս տարի նվաճել ենք մեկ արծաթ, երկու բրոնզ, երկու գովասանագիր»,- ասում է թիմի ղեկավար Նաիրի Սեդրակյանը:
ֆիզիկայի օլիմպիադային այս տարի 80 երկրներից մասնակցել են 180 աշակերտ. «Հայաստանից մասնակցել են հինգ աշակերտ` Երեւանի ֆիզմաթ դպրոցից, Քվանտ վարժարանից: Նվաճել ենք երկու բրոնզե մեդալ»,- ասում է ֆիզիկայի թիմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը:
Քիմիայի օլիմպիադային Հայաստանից մասնակցել է չորս աշակերտ` Քվանտից, Անանիա Շիրակացի ճեմարանից, Երեւանի ֆիզմաթ դպրոցից: Հայաստանը այս տարի ներկայացավ յոթերորդ անգամ: Թիմի ղեկավար Գայանե Ղուկասյանը տեղեկացրեց, որ օլիմպիադային մասնակցում էին 70 երկրից չորսական աշակերտներ:
Կենսաբանության օլիմպիադան անցկացվել է Սինգապուրում: Թիմի ղեկավար Լիդա Սահակյանը ասաց, որ մեր մոտից մասնակցում էին չորս աշակերտ. «Մասնակցում ենք չորրորդ տարին: Այս տարի ստացել ենք մեկ բրոնզե մեդալ եւ մեկ գովասանագիր: Մասնակցել են 59 երկրից` չորսական աշակերտներով»:
Առջեւում դեռ կա երկու օլիմպիադա: Ինֆորմատիկայի օլիմպիադան անցկացվելու է սեպտեմբերին` Իտալիայում: «Հայաստանը ունի չորս մասնակից,- ասում է Կարինե Ալեքսանյանն ու ավելացնում,-աստղագիտության օլիմպիադային կմասնակցեն վեց աշակերտ: Այն անցկացվելու է հոկտեմբեր ամսին` Հարավային Կորեայում»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ