Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԳՆ պաշտոնյա. «Եթե որևէ ուսուցիչ զանգեց նախարարություն և ասաց, որ տնօրենն իրենից մի բան է ուզում, տնօրենը լուրջ խնդիրներ կունենա»

Օգոստոս 07,2012 14:23

2011 թվականից առաջին անգամ Հայաստանում կիրառվեց սոցփաթեթների համակարգը: Այն ուղղված է պետական կառավարչական հիմնարկների աշխատողների և պետական ծառայողների ուսման վարձի փոխհատուցման, հիփոթեքային վարկի ամսավճարի մարման, հանգստի կազմակերպման,  առողջական ապահովագրության ոլորտներում`աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Սակայն առաջին հայացքից դրական այս նախաձեռնությունը բավականին խնդիրներ առաջացրեց: Օրինակ` վերջերս Aravot.am-ին պարզ դարձավ, որ ուսուցիչների շրջանում տարածված է այն կարծիքը, թե սոցփաթեթը ապահովագրական ընկերությունների նվերն է: Ուստի ԿԳՆ-ից փորձեցինք պարզել` արդյո՞ք բավարար քայլեր ձեռնարկվել են ուսուցիչների իրազեկման համար, քանի որ պետությունն, այսպես ասած, լավ գործ է նախաձեռնել, բայց մեջտեղում ապահովագրական ընկերությունների անունն է դուրս եկել:

Այս առիթով Aravot.am-ին պարզաբանումներ տվեց ԿԳՆ գլխավոր հաշվապահ Նորիկ Կարապետյանը: Նա մեզ տեղեկացրեց, որ ԿԳՆ-ի ենթակայության տակ գտնվող 106 դպրոցների ուսուցիչների շրջանում կատարվել են իրազեկման աշխատանքներ, հրավիրվել են խորհրդակցություններ: Նաև մանրամասնեց. «Մոտավոր վիճակագրությունը ցույց է տալիս, որ ուսուցիչների յոթանասուն տոկոսը օգտագործում է առողջապահական ամբողջական փաթեթը, քանի որ 52 հազար վճարելով կարող է 3 միլիոն 800 հազարի բուժում ստանալ: Բայց քանի որ այդ գումարները կարող են ուղղել նաև ընտանիքի անդամներին, ուսուցիչների մեծամասնությունը մնացած 80 հազար դրամն էլ (սոցփաթեթի բազային գումարը կազմում է 132.000 դրամ,-Տ.Հ.) ուղղել է իր ընտանիքի անդամներին: Սակայն նշենք նաև, որ այդ 80 հազար դրամը նրանք կարող են օգտագործել կամընտրական հիմունքներով, օրինակ` հանգստի կազմակերպման և այլ նպատակներով, որոնք սահմանել է կառավարությունը: Հանգստի կազմակերպումը պետք է կատարվի ՀՀ-ում և ԼՂՀ-ում` տուրիստական գործակալությունների միջոցով, որոնց ցանկը հրապարակված է էկոնոմիկայի նախարարության կայքէջում»:

Մեր հարցին` ի՞նչն է պատճառը, որ ուսուցիչներից շատերը կարծում են, թե սոցփաթեթը ապահովագրական ընկերությունների նվերն է, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Դրա պատճառը ապահովագրական գործակալների գերակտիվությունն է, քանի որ տոկոսներ են ստանում: Ինձ մոտ դպրոցների հաշվապահներ են գալիս, ասում են` գործակալը այսպես է ասում: Ախր գործակալն ո՞վ է: Որ գործակալին չլսեն` բոլոր կայքերում պետք է տեղադրվեն կառավարության որոշումները, որ ոչ թե խելացի դեմքով երիտասարդի լսեն,  այլ կարդան, հասկանան: Մեր դպրոցների կայքերում այդ որոշումները տեղադրված են»:

Aravot.am-ը մի շարք դպրոցների ուսուցիչներից ահազանգեր է ստացել, որ դպրոցի տնօրեններն իրենցից սոցփաթեթի համար տոկոսներ են պահանջում: Այս կապակցությամբ պարոն Կարապետյանն ասաց. «Մեր համակարգում նման բան բացառվում է, ես տեղյակ եմ  ընդամենը մեկ դեպքի մասին: Բայց եթե որևէ ուսուցիչ զանգեց նախարարություն և ասաց, որ իր տնօրենը իրենից մի բան է ուզում, այդ տնօրենը լուրջ խնդիրներ կունենա: Դա տնօրենի փողը չէ, գումարը պետությունն է տրամադրում, տնօրենի ցանկությունը չէ: Առավել ևս դա ոչ թե բանկային համակարգով է արվում, այլ գանձապետական համակարգով: Ուստի գումարները գնում են ոչ թե դպրոցի հաշվեհամարին, այլ դրանք փոխանցվում են վերահսկվող գանձապետական համակարգով»: Պարոն Կարապետյանը նաև նշեց, որ լավ կլիներ պետությունը սոցփաթեթ տրամադրելիս ոլորտները չսահմանափակեր, այլ ուսումնասիրեին և հարցումներ կատարեին, թե կոնկրետ որ ոլորտներում են ցանկանում պետական կառավարչական մարմինների աշխատակիցները սոցիալական աջակցության փաթեթներ ստանալ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031