21-րդ դարում տեղեկատվական տեխնոլոգիաներին զուգահեռ զարգանում է նաեւ թվանշային տեխնոլոգիան (3D, 7D): Սակայն, որ սերն էլ կարող է լինել եռաչափ, դա արդեն զարմանալի է: Հրագի ու Արտյոմ Հակոբյանի նոր տեսահոլովակը կրում է «3D սեր» անվանումը: Այն «Եռաչափ սեր» երիտասարդական հեռուստասերիալի սաունդթրաքն է:
«Մեզ մոտ միտք առաջացավ, որ մենք երգենք այդ սաունդթրաքը, քանի որ երիտասարդական սերիալ էր»,- ասում է «Առավոտ երիտասարդականին» երգի կատարողներից Արտյոմ Հակոբյանը:
Երաժշտությունը գրել է Լեւոն Փասոդյանը, իսկ իրենք ձայնագրել են ու հանձնել հեռուստասերիալի անձնակազմի դատին. «Որոշվեց, որ հենց այս երգը պետք է լինի սաունդթրաք: Նկարահանվեց տեսահոլովակը, եւ ահա տեսնում եք արդյունքը»:
Տեսահոլովակում Հրագն ու Արտյոմը մարմնավորում են ժամանակակից երիտասարդի կերպարը, որոնց օրը լի է խենթություններով: Արտյոմն ասում է, որ դա մասամբ համապատասխանում է իրեն. «Ես երիտասարդ եմ ու սիրում եմ ակտիվ եւ հագեցած առօրյա ունենալ»:
Ինչպես տեսահոլովակում, այնպես էլ Արտյոմի դպրոցական կյանքում, եղել է դեպք, երբ մի աղջկան սիրել են մի քանի հոգով. «Այդ ժամանակ ոչ թե երեք, այլ չորս հոգով էինք սիրում նույն մարդուն: Բայց աղջիկը չհասցրեց ընտրել ոչ մեկիս, քանի որ գնաց երկրից 😀 »:
Տեսահոլովակը տեղադրվել է Hayfanat-ի Youtube-յան բաժնում, որտեղ էլ արժանացել է բազում դրական մեկնաբանությունների:
Արամ Արարատյան