Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտակ ջան, անեծքի տակ մի մնա, ինչ անում ես՝ օրինական արա»

Օգոստոս 07,2012 13:56

Կոզեռնի բնակիչը պնդում է, որ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը շինարարություն է իրականացնում քաղաքաշինական նորմերը խախտելով:

ԱԺ պատգամավոր, «ՍԱՍ գրուպ» ընկերության սեփականատեր Արտակ Սարգսյանը Կոզեռն թաղամասում սեփական առանձնատան հաշվին գրավել է 2 գլխավոր փողոցները, ինչի արդյունքում նույն թաղամասի բնակիչ Նորիկ Եփրեմյանի տունը մեկուսացել է, եւ ինչպես բնակիչն ասաց՝ «մի ոտքի» ճանապարհ է մնացել: «Առավոտի» հետ զրույցում Նորիկ Եփրեմյանը պատմեց՝ երբ տարիներ առաջ ԱԺ պատգամավորը առանձնատուն կառուցելու նպատակով ձեռք բերեց Պռոշյան 1-ին նրբանցքին հարող տարածքը Դեմիրճյան եւ Պռոշյան խաչմերուկում, բավականին լայնածավալ շինարարություն իրականացնելուց հետո որոշեց մի քիչ էլ ընդլայնել տարածքը եւ ձեռք բերեց նաեւ ընդհանուր օգտագործման մոտ 10 մետր լայնության 2 ճանապարհներ, որոնք բնակիչների համար ելք էին դեպի Պռոշյան եւ Դեմիրճյան փողոցներ: Այժմ այդ ճանապարհները ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը ներառել է իր տարածքի մեջ եւ պարսպապատել:

«Իմ տունը հիմա, կարելի է ասել՝ բլոկադայի մեջ է, մեքենայի ճանապարհ ընդհանրապես չկա: Աստված չանի՝ հանկարծ հրդեհ լինի, կամ մարդ վատանա, ոչ մի մեքենա չի կարող մոտենալ այդ տարածքի տներին: Տուպիկի մեջ ենք հայտնվել, իսկ մեր այն բողոքներին, որ քաղաքաշինական նորմեր են խախտվել, ոչ մի նորմալ պատասխան չտվեցին: Մի հատ գային ստուգեին՝ արդյոք տեղի՞ն ենք բողոքում, բա կարող ա կլյաուզա ենք անում. ոչ մի արձագանք: Միայն ասում էին՝ իզուր էլ բողոքում եք՝ իրացման գոտի է հայտարարված, հեսա ամբողջ թաղը քանդելու են»,- մեզ հետ զրույցում ասաց Նորիկ Եփրեմյանը: Նրա պատմելով՝ արդեն 7 տարի է՝ պայքարում է, սակայն անարդյունք: Բնակչի խոսքերով՝ ԱԺ պատգամավորն անձեռնմխելի է ցանկացած պարագայում: Նորիկ Եփրեմյանը նույնիսկ տարածքի սեփականատեր Արտակ Սարգսյանին է նամակ գրել. «ԱԺ պատգամավորը արհամարհել է նամակներս եւ չի պատասխանել: Բայց ժամանակին նույնիսկ բանակցել ենք, բնակարան է առաջարկել, որպեսզի տեղափոխվեմ, հետո, չգիտես ինչու, ընթացք չտվեց այդ գործին, երեւի մտածեց՝ էլ ինչո՞ւ մի ընտանիքի համար նոր տուն գնի, եթե կարող է քաղաքային իշխանությունների հետ համաձայնության գալ ու այդ 2 կարեւոր ճանապարհները գնել, դե, մենք էլ ինչ կլինենք՝ կլինենք: Ես չգիտեմ՝ ինչ անեմ, արդեն հիվանդ ենք դարձել: Այս տարիների ընթացքում, այս անիմաստ ու անարդար իրավիճակից ինչ հիվանդություն ասես, որ չստացանք՝ սրտի կաթված եմ տարել, 7 տարի է՝ ասեղների վրա ենք, ներվերս փչացրին, շաքարախտով հիվանդացա, դանդաղ սպանում են, արդեն համբերություններս հատել է»: Շինարարության նախնական փուլում, երբ դեռ ճանապարհները պարսպապատված չէին՝ նոր-նոր 1-2 քար էր դրվել, Նորիկ Եփրեմյանը փորձել է այն կանխել, սակայն, բնակչի պատմելով՝ ԱԺ պատգամավորը սպառնացել է՝ ճանապարհիս չկանգնես, թե չէ՝ մի օր գրպանումդ թմրամիջոց կգտնեն. «Ես ի՞նչ անեմ, կախվե՞մ, որ պրծնեմ, անտեր ժողովուրդ ենք, ոչ ոք բանի տեղ չի դնում, ու ով ուզում, ոնց ուզում՝ մեզ ճնշում է, ոտնահարում մեր իրավունքները: Հենց ընդդիմացա՝ Արտակ Սարգսյանի սափրագլուխները ինձ ծեծեցին, սենց մարդիկ էլ պատգամավոր են դառնում»:

Նորիկ Եփրեմյանը խնդրի առնչությամբ 2 անգամ նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է նամակ ուղարկել, բայց այն կրկին անպատասխան է մնացել. «Ես դեմ չեմ, որ առանձնատուն կառուցի, թող հազար հատ կառուցի, բայց ոչ մեր ճանապարհների հաշվին: Նամակ եմ գրել էդ տղուն, ասել եմ՝ Արտակ ջան, անեծքի տակ մի մնա, ինչ անում ես՝ օրինական արա, բայց մեզ ով ա բանի տեղ դնողը»:

Այս առնչությամբ «Առավոտը» փորձեց պարզաբանում ստանալ վիճելի տարածքի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանից, սակայն նրա բջջայինն անհասանելի էր: Փորձեցինք «ՍԱՍ գրուպի» միջոցով պարոն Սարգսյանի հետ կապ հաստատել, սակայն ընկերությունից «Առավոտին» վստահեցրին, որ Արտակ Սարգսյանը հանրապետությունում չէ. «Հայաստան վերադառնալուց հետո պարոն Սարգսյանը խնդրի առնչությամբ պարզաբանումներ կտա»:

Մինչ Արտակ Սարգսյանը կվերադառնա հայրենիք, ԱԺ պատգամավորի շինարարությունից տուժած բնակիչ Նորիկ Եփրեմյանը նորից նամակներ է ուղղում ՀՀ նախագահին, մի շարք դեսպանատներ, Մարդու իրավունքների պաշտպանին եւ խնդրում, ինչպես նամակում է գրված՝ «Ով ինչ լծակ ունի՝ թող չարի դեմն առնի»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031