Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում խարդախության մեջ մեղադրվող Մարիամ Մարտիրոսյանի դեմ հարուցված գործով դատական նիստը դատավոր Գագիկ Պողոսյանը հետաձգեց: Այն նշանակվեց օգոստոսի 15-ին:
Պաշտպան Անուշ Հակոբյանը դատարանին տեղեկացրել էր, որ Մ. Մարտիրոսյանը խուսափում է իր հետ պայմանագիր կնքելուց եւ վճարումից: Ամբաստանյալը հայտարարեց, որ 70 հազար դրամ վճարել է միջնորդավորված՝ ոմն Արթուրի միջոցով, սակայն վերջինս հեռախոսազրույցում նույնպես հերքեց ամբաստանյալի հայտարարությունը, նշելով, որ որեւէ գումար չի վճարվել: Այդ նիստին, դատարանի որոշմամբ, բերման կենթարկվի վկա Լուսինե Մուրադյանը, իսկ ամբաստանյալի շահերը կպաշտպանի մեկ այլ փաստաբան:
Նշենք, որ Մարիամ Մարտիրոսյանը 2011թ. ապրիլին, չարաշահելով Նունե Բադալյանի վստահությունը, խարդախությամբ հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի՝ 2.424.500 ՀՀ դրամին համարժեք 6. 500 ԱՄՆ դոլար գումարը: Ըստ գործի նյութերի, Մ. Մարտիրոսյանը, 2011թ. փետրվարին տեղեկանալով, որ Նունե Բադալյանը ցանկանում է որդուն՝ 28. 06.1990թ. ծնված Գեւորգ Բակունցին ՀՀ զինված ուժերում ծառայություն անցնելու համար Երեւան քաղաքի մոտակայքում տեղակայված զորամասում տեղավորել, մտադրվել էր Ն. Բադալյանի գումարները հափշտակել:
Ա. Գ.