Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը երեկ առաջադրել է իր թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնի համար: Ինքնաառաջադրված ՀՅԴ անդամ Արթուր Աթայանն արդեն 4-րդ տարին է՝ ղեկավարում է համայնքի ղեկավարի պաշտոնը եւ նախապես հայտարարել էր, որ կրկին առաջադրելու է իր թեկնածությունը, քանի որ բավականին աշխատանքներ ունի Կապան քաղաքում իրականացնելու: Երեկ քաղաքապետից բացի՝ եւս մեկ թեկնածու է առաջադրվել: Մեղրու եւ Կապանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ԸԸՀ-ի տրամադրած տվյալներով՝ ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու է առաջադրել «Հայփոստ» ՓԲԸ «Կապանի փոստային» մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանին: Երեկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստացվել է 11 դիմում: Կապանի համայնքի 15 հոգանոց ավագանու համար առաջադրվել է դեռեւս 4 թեկնածու: Առաջադրումներ են եղել նաեւ Մեղրի քաղաքից ու գյուղական մի շարք համայնքներից: Մեղրիից որպես քաղաքապետի թեկնածու ինքնաառաջադրվել է 47-ամյա անկուսակցական, անհատ ձեռնարկատեր Արշավիր Հովհաննիսյանը, եւս մեկ թեկնածու էլ առաջադրվել է որպես ավագանու անդամ: Իսկ Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններից առաջադրվողներ երեկ չեն եղել:
ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ