Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մեկն իրավունք չունի ինքնուրույն ստեղծագործելու»

Օգոստոս 07,2012 13:40

Արագածոտնի մարզպետը՝ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների մասին

Կիրակի օրը Թալինում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Թալինի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը: Ավագանու 11 մանդատից ՀՀԿ-ին բաժին է հասել 2-ը, 4 մանդատ ստացել են քաղաքապետի թեկնածու Վորոշ Խաչատրյանի թիմակից անկուսակցականներ, 3 մանդատ՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, 1-ը՝ Դաշնակցությունը, մեկը՝ «Ժառանգություն»-ը: ՀԱԿ-ում որեւէ ձեւով նպատակահարմար չեն գտել այս ընտրություններին մասնակցել:

Հաղթող կողմը՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի գլխավորությամբ, այս ընտրությունները որակում է «արդարության մարմնավորում», պարտվողներն էլ իրենց որակումներով ջանում են հակառակը համոզել: Հետաքրքիրն այն է, որ այս ընտրություններում ավելի շատ մրցում էին ՀՀԿ-ն եւ ՀՀԿ-ն: Մի թեւում կուսակցության կողմից պաշտոնապես առաջադրված Սարգիս Արամյանն է, մյուս կողմից՝ անկուսակցական Վորոշ Խաչատրյանը, ով վայելում էր հանրապետական պատգամավոր Մնացական Մնացականյանի աջակցությունը եւ ըստ ընտրության արդյունքների՝ երրորդ տեղում է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վազգեն Խաչատրյանը երկրորդ տեղն է զբաղեցրել:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հակադարձելով նախորդ օրը լրատվական կայքերում պարտվող թեկնածուների եւ նրանց թիմակիցների հնչեցրած մեղադրանքներին եւ որակումներին՝ ասաց. «Չի կարելի, մարդ պիտի բարոյականություն ունենա: Թող մի հատ կարուսելի հիմք ցույց տային. մեկին նկարեին, գրի առնեին՝ ցույց տային, մի մարդու անուն ցույց տան: Չի կարելի, չէ՞: Բարոյականությունն է մարդկային նորմաների մեջ մտնում…»: Հիշեցնենք, որ այս ընտրություններում, թեկնածուների շտաբների ներկայացուցիչների հավաստմամբ, դարձյալ գործել է «ցնդող» թանաքների «ինստիտուտը»: Ըստ մարզպետի՝ Թալինում ՏԻՄ մարմինների ընտրությունները «եզակի» էին իրենց բնույթով. «Էդպիսի ընտրություն չի եղել երբեք: Ամբողջ Թալինի աչքի առաջ է եղել»: «Առավոտի» դիտարկմանը՝ եթե ընտրություններն իսկապես եղել են այնպիսիք, ինչպես որակում է մարզպետը, այդ դեպքում ինչո՞վ է ինքը պայմանավորում մյուս թեկնածուների բարձրացրած աղմուկը, մի՞թե մարդիկ ինքնանպատակ հայտարարություններ են անում, Սարգիս Սահակյանը պատասխանեց. «Մի հատ թանաք թող ցույց տան, մի հատ կարուսելի հիմք, ասեն՝ էսինչ տեղում էսինչ մարդը կանգնած՝ կարուսել էր անում: Կարուսելը ո՞րն ա, էդպիսի բան ո՞վ կարող է իրեն թույլ տալ: Կամ՝ եթե թույլ տա, ո՞նց ա անում էդ կարուսելը… այսինքն՝ մարդը պիտի քվեարկած թերթիկը դնի ծրարի մեջ, տանի, նորը հանի. որտե՞ղ ա դնում, ո՞նց ա ներս տանում, հանձնաժողովի էդքան անդամ, էդքան վստահված անձ, 60 հոգի մարդ կա էնտեղ, էդ մարդը ո՞նց ա ծրարը տանում ու փոխում: Մի բան խոսելուց մարդ պիտի խելք ունենա»:

Թալինում կայացած ՏԻՄ ընտրությունները թերեւս կարելի է համարել «ստուգողական»՝ այն իմաստով, որ աշնանը ՏԻՄ ընտրություններ են կայանալու հանրապետության բոլոր մարզերում: Մարզպետից հետաքրքրվեցինք՝ Թալինի ընտրությունների օրինակով, իր գնահատմամբ, առաջիկայում ՏԻՄ ընտրությունները ի՞նչ ընթացքով են զարգանալու, ի՞նչ թերություններ եւ առավելություններ են հնարավոր: Սարգիս Սահակյանն իր դիտարկումները ներկայացրեց իր ղեկավարած մարզի կտրվածքով. «ՀՀԿ-ն շատ հզոր կուսակցություն է, եւ կա երկրի նախագահի հանձնարարականը, որ ընտրությունները պետք է անցնեն թափանցիկ, առանց միջադեպերի, առանց խախտումների: Այդպես էլ կլինի, որովհետեւ դրա պատասխանատուն ես եմ մարզում: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն ունենալով իր տեղը, դերը, իր կատարած աշխատանքները Արագածոտնի մարզում՝ հարյուր տոկոսով հաղթանակ է ունենալու բոլոր համայնքներում, որտեղ առաջադրելու է  թեկնածու»:

ԲՀԿ-ՀՀԿ հակասությունների մասով էլ Սարգիս Սահակյանն ասաց. «Մարզի պատասխանատուն ես եմ, ամբողջը վերահսկվում է, եւ այս մարզում ոչ մեկն իրավունք չունի ինքնուրույն ստեղծագործելու: Մարդիկ պետք է հասկանան, որ սա մեր պետությունն է, մեր երկիրն է, եւ բոլորն էլ հարգեն, ընդունեն, հասկանան: Էդպիսի բան չկա, որ ինչ-որ ինքնանպատակ անհամաձայնություններ ներկայացնեն: Ես պատրաստ եմ բոլորի հետ էլ համագործակցելու, աշխատելու, պատրաստ եմ բոլորին էլ աջակցելու»:

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ իր կարծիքով՝ ի՞նչ ցույց տվեցին Թալինի ընտրությունները, առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ի՞նչ «սցենարներ» են կիրառվելու, պատասխանեց, որ կազմակերպիչ կառույցները, մասնավորաբար, ԿԸՀ-ն հավանաբար «դժվարությամբ է ընկալում», որ հարկավոր է մինչ ընտրությունների մեկնարկը ստուգել թանաքը, որպեսզի ընտրողների անձնագրերում դրվող կնիքները 2-15 րոպեների ընթացքում չցնդեն: ԲՀԿ մամուլի խոսնակի համար Թալինում «ցնդող թանաքի» առկայությունը հատկապես զարմանալի է՝ խորհրդարանական ընտրություններում այդ իսկ պատճառով բարձրացված աղմուկից հետո: «Ինչո՞ւմն է խնդիրը»,- թերեւս ոչ հռետորական հարց է հնչեցնում նա: Ուրիխանյանը պնդում է, որ նմանօրինակ բազմաթիվ փաստեր «ֆիքսել են լրատվամիջոցները»: ԲՀԿ մամուլի խոսնակին զարմացրել է այն, որ «ԿԸՀ քարտուղարը, ով որպես վերադաս մարմնի ներկայացուցիչ հայտնվել էր այն տեղամասում, որտեղ ես՝ վստահված անձի կարգավիճակով, փորձում էի հսկողություն իրականացնել հաշվարկի ընթացքում օրինական գործընթացի պահպանման առումով, ԿԸՀ քարտուղարը գործադրեց բոլոր ջանքերը, որպեսզի տարրական կանոններին չտիրապետող հանձնաժողովի նախագահը չարձանագրի իրողությունը, ինչը, այնուհանդերձ, արձանագրել են դիտորդների եւ հեռուստալրագրողների խցիկները»:

Այս ամենով հանդերձ՝ ԲՀԿ-ում դեռեւս վերջնական եզրակացություն եւ հետագա անելիքների մասին ծրագրեր չկան. «Մենք կունենանք խորհրդակցություն, եւ մեկ-երկու օրվա ընթացքում կլինի վերջնական եզրակացություն»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031