Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չկա՛ն հայ-ավստրիական մշակութային պաշտոնական կապեր

Օգոստոս 07,2012 13:35

Դրանք իրականացվում են միջնորդավորված

Ռոբերտ Միրզոյանը (աջից)՝ Վիեննայի մշակույթի նախարար Անդրեաս Մալիաթ Պոկորնի հետ:

Հայաստանում 1989-90թթ. Վիեննայի քաղաքապետարանի մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպվեց ու անցկացվեց «Ամադեուս» պատանի երաժիշտ- կատարողների մրցույթը, որից հետո Վիեննայի արքունական գրադարանը Գյումրիի երաժշտական դպրոցներին եւ տեղի նոր ձեւավորվող սիմֆոնիկ նվագախմբին նվիրեց նվագարաններ: Այդ կապերն առավել ամրապնդվեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Լորիս Ճգնավորյանի ջանքերով: Սակայն առայսօր Ավստրիայի եւ Հայաստանի միջեւ պաշտոնական ու համակողմանի մշակութային հարաբերություններ չեն հաստատվել, թեեւ հայ երաժիշտները մեծ թիվ են կազմում այդ երկրի օպերային թատրոնում, սիմֆոնիկ նվագախմբում եւ այլն:

Նշենք նաեւ, որ 1970-80-ականներին Վիեննայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը Օհան Դուրյանն էր: Մի հանգամանք եւս. վերջին շրջանում մշակութային կապերը միակողմանի են՝ Ավստրիայից Հայաստան հյուրախաղեր համարյա չեն իրականացվում:

«Առավոտը» հանդիպեց Հայաստանում Վիեննայի քաղաքապետարանի մշակույթի բաժնի ներկայացուցիչ Ռոբերտ Միրզոյանի հետ: Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ ինքը միակ մշակութային միջնորդն է Հայաստանի ու Վիեննայի միջեւ, մեր զրուցակիցը, հաստատելով ասվածը, պատասխանեց. «Երբ Վիեննայում քաղաքապետարանի մշակույթի բաժինն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպում են տարբեր միջոցառումներ՝ հայաստանցի արվեստագետների մասնակցությամբ, մշտապես դիմում են ինձ»: Պարոն Միրզոյանն այդ պաշտոնը ստանձնել է դեռեւս 2000թ., երբ Երեւանում ֆիլհարմոնիկ նվագախումբը Ճգնավորյանի ղեկավարությամբ անցկացրեց Վիեննական երաժշտության փառատոն: Այս առիթով Միրզոյանը հայտնեց, որ ինքն այդ տարիներին Ֆիլհարմոնիկի տնօրենն էր, մանրամասնեց, որ հիշյալ փառատոնին հրավիրված էին Վիեննայի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ դոկտոր Բերնհարդ Դենշերը՝ տիկնոջ՝ ճանաչված մշակութային լրագրող Բարբարա Դենշերի հետ, որոնց կողմից էլ ստացել է Հայաստանում մշակույթի բաժնի ներկայացուցիչը դառնալու առաջարկը:

Ռոբերտ Միրզոյանը հիշատակեց Վիեննայում անցկացված մի քանի միջոցառում. 2002-03թթ. ավստրիական հայտնի «Պիկուս» հրատարակչության կողմից Հայաստանի մասին «Արարատի հովանու ներքո» գրքի հրատարակումը, 2005թ. նշանավոր «Մյուզիք Ֆերային» համերգասրահում Կոմիտասի անվան լարային քառյակի համերգը, 2006-ին Մոցարտի ծննդյան 250-ամյակի կապակցությամբ՝ Երեւանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողների ու դասախոսների աշխատանքների ցուցադրությունը «Սերաֆին» պատկերասրահում, անցյալ տարի Վիեննայի Մխիթարյան միաբանության տպարանի մասին «Կամուրջ արեւելքի եւ արեւմուտքի մշակույթների միջեւ» գերմաներեն եւ հայերեն գրքի հրատարակումը եւ այլն:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ օրերս է վերադարձել Վիեննայից, որտեղ քննարկել են այս տարվա աշնանը Գյումրիում կայանալիք հերթական 8-րդ Բիենալեի կազմակերպական հարցերը, որտեղ առաջին անգամ ցուցադրվելու են Երեւանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանող-դիզայներների աշխատանքները: Նա հայտնեց նաեւ, որ 2013թ. նախատեսվում է հիշյալ բուհի Գյումրիի մասնաճյուղի դասախոսների եւ ուսանողների մի խմբի հերթական այցը Վիեննա՝ փորձի փոխանակման նպատակով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031